Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավն առաջին անգամ կուղարկվի վերականգնման։ Այս մասին հայտնել է Ռուսական թանգարանի մամուլի ծառայությունը։ Այս առիթով մայիսի 26-ին Բենուայի մասնաշենքում տեղի կունենա վերականգնողական խորհրդի նիստ։

«Թանգարանում գտնվելու ամբողջ ընթացքում մասնագետներն իրականացրել են միայն տեղային կոնսերվացման աշխատանքներ՝ ներկաշերտի ամրացում, թեթև երանգավորում և կանխարգելիչ միջոցառումներ։ Վերականգնողների բազմամյա դիտարկումները ցույց են տվել, որ հիմնաներկի և ներկաշերտի վիճակն աստիճանաբար վատթարանում է. ընդլայնվում են ճաքերի գոտիները, ի հայտ են գալիս նոր կոտրվածքներ ու գեղանկարի տեղային շերտազատումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կտավի ամբողջական, համալիր և գիտական վերականգնման մասին որոշումն ընդունվել է Այվազովսկու մեծածավալ ցուցահանդեսին ընդառաջ, որը կբացվի 2026 թվականի հոկտեմբերին։ Պատկերը Միխայլովյան պալատի №14 Ակադեմիական սրահից կտեղափոխվի Բենուայի մասնաշենքի Բաց վերականգնման սրահ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան անձամբ հետևել մասնագետների աշխատանքին։

Վերականգնողները պետք է ամրացնեն ներկաշերտն ու կտավի ամբողջ մակերեսով հիմնաներկը, վերացնեն շերտազատված օջախները, ինչպես նաև աշխատեն լաքապատ շերտի հետ, որը ժամանակի ընթացքում անհամասեռ է դարձել ու ակնհայտ բծերով պատվել։ Վերականգնման աշխատանքների ավարտից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու կտավն իր գունային այնպիսի երանգավորմամբ, որն առավելագույնս մոտ է հեղինակի նախնական մտահղացմանը, նշված է հաղորդագրության մեջ։

1850 թվականին ստեղծված այս կտավն առանցքային տեղերից մեկն է զբաղեցնում Ռուսական թանգարանի մշտական ցուցադրությունում։ Այն թանգարանի հավաքածուին է հանձնվել 1897 թվականին՝ իր պատմական ոսկեզօծ շրջանակի հետ միասին, որի գիտական վերականգնումն իրականացվելու է կտավի աշխատանքներին զուգահեռ։

«Արդեն իսկ վերականգնվել է փորագրության ավելի քան 100 կորսված հատված։ Բոլոր տարրերը, պահպանված օրինակների հիման վրա, նորից տաշվում են լորենու փայտից, պատվում ավանդական հիմնաներկով և հետագայում կպատվեն թերթավոր ոսկով»,- հայտնել են թանգարանից։

Source: https://news.am/hy/news/1038425