Երկիրը ապրել է այդ էվոլյուցիան, և, իհարկե, ամեն հաջորդ ընտրությունները պետք է ավելի լավը լինեն, քան նախորդը։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ իր իշխանության տարիներին ընտրություններն անցկացվում էին զանգվածային կեղծիքներով, լցոնումներով։

«Այստեղ խնդիր կար, այն ժամանակ ձևավորված ֆեոդալական մի համակարգ կար Հայաստանում, որը միանգամից ջարդելը իսկապես դժվար էր։ Եվ այդ մշակույթը չկար։ Նաև մարդկանց պատկերացումներն էլ ժամանակի մեջ փոխում էր»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ ֆեոդալները հենց իր օգտին էին քվեարկում, լցոնում ու ծեծուջարդ անում, Քոչարյանն ասաց. «Իսկ հիմա այդ ֆեոդալները ու՞մ օգտին են անում։ Նրանք նույնը են։ Այն ինչ ես տեսնում եմ հիմա Ջերմուկում և Վայոց ձորում, նույն ֆեդալը նույն ազգանունով, սերունդը փոխված անում է նույնը։ Ես չգիտեմ ինչ է անելու ընտրությունների ժամանակ, բայց վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառումը ակնհայտ է։ Մենք քարոզարշավի մեջ ենք և մի հատ լայքի համար գործից ազատել են, հանրահավաք գնալու համար գործից ազատում են։ Հիմա մեծ հարց է՝ ավելի լավ է ընտրատեղամասում ինչ-որ մի բան անե՞ս, թե ամիսներ շարունակ մինչև ընտրությունները օգտագործես քո վարչական ռեսուրսը մարդկանց ճնշելու համար, ու դա համատարած է»։

Source: https://news.am/hy/news/1039541