50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ կապված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի կալանավորման հետ՝ այն անվանելով ապօրինի։
«Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր վճռական բողոքն ենք հայտնում արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կապակցությամբ, դա համարելով ապօրինի և անհամաչափ։
Մենք նաև անընդունելի ենք համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ վեճի ընթացքում Արթուր Օսիպյանին ուղղված հարցը․ «Ինչո՞ւ ես ողջ և չես զոհվել մեր տղաների փոխարեն»։ Նման ամբոխահաճո պահվածքը պետական գործչին անհարիր հռետորաբանության ցայտուն օրինակ է, որն, ամեն ինչից զատ, խորացնում է ներքաղաքական անհանդուրժողականությունն ու հանրության տարբեր շերտերի տարանջատվածությունը, նպաստում բնակչության ամբողջական խմբերի պիտակավորմանն ու ապամարդկայնացմանը:
Արթուր Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումը ոչ միայն ստվեր են ձգում հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրությունների վրա, այլև ըստ ամենայնի խաթարում են վստահությունը իրավապահ մարմինների, ընդհանրապես՝ ընտրական գործընթացի ու ժողովրդավարության առկայության նկատմամբ, ինչպես նաև կասկածի տակ են դնում իշխող ուժի՝ մարդու հիմնարար իրավունքները հարգելու և երկրում քաղաքացիական համերաշխություն արմատավորելու պատրաստակամություն։
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հարցեր է ուղղել, որոնց անկեղծ պատասխանները հետաքրքրում են ոչ միայն արցախցիներին, այլև ողջ հանրությանը, քանի որ մարդիկ փորձում են հասկանալ 2020–2023 թվականների շարունակական ողբերգությունների պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավերի դերն այդ ամենում։
Հնարավոր է, իհարկե, կալանավորել ծանր ու ցավոտ հարցեր բարձրացնողին, բայց անհնար է ի չիք դարձնել բուն հարցերը, ինչպես նաև կաթվածահար անել դրանց պատասխանները ստանալու՝ հանրության կամքն ու ցանկությունը: Այդ հարցերից ու դրանց շուրջ բանավիճելու հրամայականից հնարավոր չէ խուսափել այսօր, ու հնարավոր չի լինելու նաև վաղը:
Իրավիճակից միակ ելքն այդ հարցերի շուրջ քաղաքակիրթ երկխոսությունն է հանրության տարբեր շերտերի հետ, և համապետական ընտրությունները հարմար առիթ են դրա համար, քանի որ անհամեմատ մեծ հնարավորություններ են ընձեռում մարդկանց հետ քաղաքական ուժերի շփումների համար: Հակված ենք կարծելու, որ մեր բոլորիս դարդուցավի, մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին ամենայն անկեղծությամբ ու սրտացավությամբ, արժանապատվությամբ ու սկզբունքայնությամբ, քննադատությամբ ու ինքնաքննադատությամբ խոսող քաղաքական ուժն ավելի շատ շանսեր կունենա ընտրազանգվածի համակրանքը շահելու համար: Ամենակարևորը հենց խաղաղ- հանգիստ մթնոլորտի ձևավորումն է համազգային-համապետական խնդիրների հանրային քննարկումների համար: Ըստ երևույթին, խաղաղությունը հենց այստեղից է սկսվում՝ մարդկանց հոգու ու մտքի խաղաղությունից: Ներքին այս խաղաղության արժեքը չիմացողը չի կարող հետամուտ լինել մեծ խաղաղությունը, էլ ավելի մեծ աբսուրդ է ներքին առճակատմամբ մեր շուրջ խաղաղությանը նպաստելը:
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ժամ առաջ միջոցներ ձեռնարկել առկա լարվածությունը թոթափելու, համազգային-համապետական խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև մեր ոչ վաղեմի դժբախտությունների ու ողբերգությունների մասին կառուցողական քննարկումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Դրա առաջին քայլը կարող է լինել Արթուր Օսիպյանին անհապաղ արգելանքից ազատ արձակելն ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ինչպես նաև ընդհանրապես քրեական գործիքակազմի ապօրինի և անհամաչափ կիրառումը բացառելն ընտրական գործընթացում:
Մենք՝ ներքոստորագրյալներս, վճռական ենք մեր բարձրացրած խնդիրների լուծմանը հետամուտ լինելու հարցում:
Հիշեցնենք, որ մայիսի 18–ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։
«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,–ասել էր Փաշինյանը։
Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով, ապա նաև կալանավորվել երկու ամսով։
Այ տականք ինչի ես կենդանի, գնայիր զոհվեիր, ռադդ քաշի համաբալի մեկը. Փաշինյանը սկսեց վիրավորել
Source: https://news.am/hy/news/1038046
Armenia
Արթուր Օսիպյանին անհապաղ ազատ արձակել և քրեական հետապնդումը դադարեցնել. հայտարարություն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։