Քանի որ Ղարաբաղը հանձնել եք, հիմա որտե՞ղ եք ուզում հանձնել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, դիմելով Երևանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին դիմեց մի արցախցի կին։

«Ղարաբաղը դուք հանձնել եք, Ղարաբաղը դա 100%։ Ինքս ղարաբաղցի եմ ու գիտեմ որ դուք ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը, տվել եք Ադրբեջանին։ Մերոնք լրիվ անտուն են հիմա, ունեցվածքը թողած, սոված, ծարավ ստեղերք են»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հազարավոր ղարաբաղցիներ բնակարանի ապահովագրության ծրագրից են օգտվել, ինչին կինն արձագանքեց. «Ինձ ծրագիրը պետք չէ։ Դուք խոսք էիք տվել 400 հազար հոգու բնակարան հատկացնեք անվճար, դա չեք անում»։

Երբ վարչապետը հարցրեց, թե արդյոք նա ՀՀ քաղաքացիօություն ընդունել է, արցախցի կինն ասաց. «Դա արդեն իմ գործն է, նախ չեմ ընդունի, մեկ է՝ Հայաստանն էլ ես ծախում էլի, Սյունիքը ծախել ես, Վարդենիսի վերևը թուրքեր են։ Հիմա խնդրում եմ՝ ասեք, թե հիմա որ մասերն եք հանձնելու, որ չգնամ այնտեղ բնակվեմ։ Արցախի իշխանությունը չի ծախել, եթե իշխանությունը ծախած լիներ, 30 տարի մենք խաղաղ չէինք ապրի»։

Փաշինյանն արձագանքեց. «Դուք 30 տարի խաղաղ չեք ապրել, Բա եթե խաղաղ եք ապրել, բա սահմանին ովքե՞ր են զոհվել։ Բա որ խաղաղ եք ապրել, ինչի՞ են զոհվել»։

Այդ ժամանակ կողքից ՔՊ–ի աջակիցներից մեկն ինչ–որ բան ասաց, որից արցախցի կինը բորբոքվեց. «Մի հատ ձենդ կտրի»։ Ապա դիմեց Փաշինյանին. «Այն մարդիկ, որոնք ձեզ կընտրեն, ուրեմն թուրք են»։

Դրանից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ»։

Կինն էլ իր հերթին սկսեց բղավել. «Նիկոլի ծախված շուն»։

Source: https://news.am/hy/news/1035412