Իրանը և ԱՄՆ-ը գրեթե փակուղի են մտել իրանական հարստացված ուրանի հարցի քննարկումներում, և այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մեր հարստացված ուրանի թեման շատ բարդ է։ Այժմ մենք ամերիկացիների հետ եկել ենք այն եզրակացության, որ, քանի որ այս հարցը չափազանց դժվար է, և մենք գրեթե մտել ենք փակուղի, այն պետք է հետաձգել բանակցությունների ավելի ուշ փուլերի համար», - ասել է Արաղչին։

Իրանի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանը վստահություն չունի։ «Մեկ այլ խնդիր են հակասական ազդակները, որոնց պատճառով մեզ մոտ կասկածներ են առաջացել ամերիկյան կողմի իրական մտադրությունների վերաբերյալ։ Մենք կասկածում ենք նրանց մոտեցման լրջությանը», - նշել է նա։

«Հենց որ մենք զգանք, որ նրանք լուրջ են տրամադրված և պատրաստ են արդար ու հավասարակշռված գործարքի, իհարկե, կշարունակենք բանակցային գործընթացը», - եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Source: https://news.am/hy/news/1035715