Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 2-ին ցուցմունք կտա Սենատի և Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների առջև։ Օրենսդիրների համար գլխավոր թեման շարունակում է մնալ Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունը, հաղորդում է AP գործակալությունը։

Թեև լսումների պաշտոնական թեմա է հայտարարվել Պետքարտուղարության բյուջեի քննարկումը, օրենսդիրները, դատելով ամեն ինչից, մտադիր են կոշտ հարցադրումներ ուղղել Ռուբիոյին ռազմական գործողությունների հետ կապված հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Անցած հանգստյան օրերին հայտնված հաղորդագրությունները հակամարտության դադարեցման համար հնարավոր գործարքի կնքման մասին ոչ միանշանակ արձագանք են առաջացրել Կոնգրեսի հանրապետականների շրջանում։ Մի շարք օրենսդիրներ, այդ թվում՝ Թեքսաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը, կոչ են արել Թրամփին չթուլացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ։ Քրուզն ընդգրկված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում, որի առջև էլ հենց պետք է ելույթ ունենա Ռուբիոն։

Ինքը՝ Ռուբիոն, երեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի երկարաձգման և Հորմուզի նեղուցով նավարկության վերսկսման շուրջ բանակցությունները կարող են ևս մի քանի օր պահանջել։

Source: https://news.am/hy/news/1038628