Ամերիկյան իշխանությունները պատրաստվում են Կուբայում սպասվող հնարավոր իշխանափոխությանը, որը կարող է տեղի ունենալ արդեն այս ամռանը, և այդ սցենարի համար ռազմական գործողությունների պլաններ են մշակում։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին զբաղված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմամբ, որից հետո մտադիր է անցնել Կուբային և որոշել, թե ինչպես այնտեղ փոփոխությունների հասնել։ Վաշինգտոնը պատրաստվում է շարունակել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հավանայի դեմ, քանի դեռ «չի սպառել բոլոր լծակները», ինչից հետո չի բացառվում նաև ռազմական տարբերակը։ Այսպիսով՝ անցած ամիս ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը, որի պատասխանատվության տակ են գտնվում Կենտրոնական ու Հարավային Ամերիկան և Կարիբյան ավազանը, շտաբային վարժանքներ է անցկացրել՝ կղզում հնարավոր ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Զինվորականները քննարկել են Կուբայի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարցը և հնարավոր անկարգություններին արձագանքելու տարբերակները։ Միևնույն ժամանակ, Axios-ի զրուցակիցն ընդգծել է, որ այս պահին «ոչ մի ներխուժում չի ծրագրվում և չի նախատեսվում»։ «Երբ նախագահը հրաման տա, մենք պատրաստ կլինենք ամեն ինչի»,— հավելել է նա։ Այդուհանդերձ, պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ վարչակազմը դեռ չի ընտրել այն կուբացի պաշտոնյաներին, որոնք իշխանափոխության դեպքում կարող են գլխավորել Հավանայի ժամանակավոր կառավարությունը։

Կուբայում վիճակը կտրուկ վատացել է այս տարվա հունվարի վերջից, երբ ԱՄՆ-ն որոշեց ամբողջությամբ արգելափակել կղզի մտնող վառելիքը։ Տնտեսական ճգնաժամի պատճառով մարտին երկրի էներգահամակարգը երեք անգամ խափանվել է (վերջինը՝ մարտի 21-ին), և հիմա ամբողջ Կուբայում ժամերով էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Երկրում բենզինի ու դիզվառելիքի ծայրահեղ պակաս կա։ Իսկ օդանավակայաններում ավիացիոն կերոսինի բացակայության պատճառով որոշ արտասահմանյան ավիաընկերություններ արդեն չեղարկում են դեպի Կուբա իրենց չվերթները, քանի որ ինքնաթիռները լիցքավորելու հնարավորություն չկա։

Մայիսի 19-ին Թրամփը հայտարարեց, որ հնարավոր է համարում Կուբայի հետ համաձայնության գալը։ Նախագահը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ինքը ձգտում է տապալել Կուբայի կառավարությունն ու պետական կարգը։ Դեռևս մարտի 5-ին Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է անցնել Կուբայի նկատմամբ հետագա քայլերի մշակմանը (Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո)։ Նախկինում նա բազմիցս պնդել է, որ ԱՄՆ ճնշումների պատճառով Վենեսուելայից նավթի մատակարարումների դադարեցումից հետո կղզի-պետության կառավարությունն ու տնտեսությունը կանգնած են փլուզման եզրին։ Իսկ փետրվարի 27-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։ Միևնույն ժամանակ, Politico թերթը մայիսի 18-ին հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն ավելի ու ավելի է հակվում Կուբայի դեմ ռազմական ուժ կիրառելու տարբերակին։

Source: https://news.am/hy/news/1039123