Հունաստանը Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման լրտեսության մեղադրանքով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։

Աղբյուրների խոսքով՝ մայիսի 19-ին հունական դատարանը Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ Կրետեում գտնվող ռազմաբազային հետևելու հետ կապված լրտեսության մեղադրանքով։

Նա հերքում է իր մեղքը և բողոքարկել է դատավճիռը։

Յոթ տարի և մեկ ամիս ազատազրկման դատապարտված տղամարդը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ «Սուդա» ռազմածովային բազայի նկատմամբ հսկողություն իրականացնելու կասկածանքով․ այն ռազմավարական օբյեկտ է Հունաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար։

Քննության տվյալներով՝ տղամարդը, որը Լեհաստանում ուներ ժամանակավոր կացության իրավունք, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից բնակվել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի ռազմածովային և ռազմաօդային բազաները։

Նրան մեղադրել են պետական գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր, հավաքելու և օտարերկրյա պետություններին փոխանցելու մեջ։

Ապացույցների թվում են հունական նավատորմի՝ վերալիցքավորվելու համար Սուդա ժամանած ֆրեգատի 23 տեսանյութ և ինը լուսանկար։

Նրա համարից առգրավված իրերի մեջ եղել են բարձր հնարավորություն ունեցող տեսախցիկ, հեռաօբյեկտիվ և եռոտանի, USB ընթերցիչներ և հիշողության քարտեր։

Աղբյուրների տվյալներով՝ ոստիկանությունը նրա նոութբուքում հայտնաբերել է նաև գաղտնագրման ծրագրային ապահովում։

Source: https://news.am/hy/news/1037410