Հայաստանին համաներում է անհրաժեշտ։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Քիչ առաջ մենք անցնում էինք Տիգրանաշենի կողքով, և աչքիս առաջ մի պատկեր եկավ՝ ի՞նչ կլինի, եթե իշխանությունները հանձնեն այն։ Իշխանությունն արդեն արել է այդ անոնսը. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում պատրաստվում է տարածքներ հանձնել։ Տիգրանաշենը հայտնվելու է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երևան եք գնալու ադրբեջանցիների խոշորացույցի ներքո։ Դուք պատրա՞ստ եք դրան», — հարցրել է Խամոյանը՝ հավելելով, որ ժողովուրդը չպետք է կրկնի 2021 թվականին թույլ տված սխալը։
Խոսելով դաշինքի ծրագրի մասին՝ պատգամավորը նշել է, որ իշխանությունները տարիներ շարունակ փորձել են համոզել, թե մոտ են կանգնած մարդուն՝ սրտիկներ ու համբույրներ ուղարկելով։ «Դուք հավատո՞ւմ եք նրանց անկեղծությանը։ Գիտե՞ք, որ վերջին անգամ համաներում է անցկացվել 2018 թվականին։ Մարդասիրության լավագույն դրսևորումը համաներումն է։ Այդ դեպքում ինչո՞ւ չեն անցկացնում։ ՔԿՀ-ում (Քրեակատարողական հիմնարկում) այսօր մարդ կա, որն առանց վարորդական իրավունքի տաքսի է վարել, բայց վթարի պատճառ չի դարձել», — օրինակ է բերել պատգամավորը՝ հավելելով, որ ամեն բակում, ամեն թփի տակ թմրանյութերի փաթեթներ են։
«Երեկ մի տեսանյութ էի դիտում այն մասին, թե իբր ընդդիմությունը կաշառել է ռուսներին, որպեսզի վերջիններս արգելեն հայկական արտադրանքի ներկրումը ՌԴ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչի տեղ եք դրել այս ժողովրդին։ Իրո՞ք կարծում եք, թե մարդիկ այնքան միամիտ են, որ կհավատան դրան։ Լավ, պատկերացնենք, թե դա այդպես է. եթե ընդդիմությունն այդքան ուժեղ է, բա դուք ո՞ւր եք նայում և ձեզնից ինչ եք ներկայացնում։ Կամ էլ ասում է, թե ինքն է եղանակ ստեղծում ԵԱՏՄ-ում։ Այդ ո՞ր եղանակը։ Այն, որի պատճառով ֆուրերը կանգնած են, իսկ ապրանքը ջրի գնո՞վ է վաճառվում։ Այն ամենը, ինչ դու կարող ես անել, ժողովրդի գլխին աշխարհաքաղաքական կարկուտ ու ջրհեղեղ բերելն է»,— վրդովվել է պատգամավորը։
Նա արձանագրել է, որ այս ամենը եվրոպացիների հետ մի քանի լուսանկար և «լայք» ստանալու Փաշինյանի ձգտման հետևանքն է, ինչի համար նա պատրաստ է վաճառել ամբողջ ժողովրդին։ Պատգամավորը հիշեցրել է գազի գնի վերաբերյալ Պեսկովի հայտարարությունը։ «Այդ ամենի համար վճարելու ենք մենք։ Փաշինյանը ո՛չ վճարելու է, ո՛չ էլ պատասխանատվություն է կրելու», — նշել է Խամոյանը՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդը երրորդ անգամ չի համաձայնի նրա իշխանության մնալուն։
Source: https://news.am/hy/news/1038136
Armenia
Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, բա որ ընդդիմությունը էդքան բան է անում, դուք մեխի գլո՞ւխ եք. Խամոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։