Ուրբաթ առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ պատերազմի հարցով խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ոլորտի ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում է ամերիկյան Axios լրատվականը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյաների։
Նախագահի հետ անմիջական շփում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, եթե բանակցություններում վերջին պահին որևէ բեկում չարձանագրվի, ապա Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Դիվանագիտական ջանքերին իրազեկ ամերիկացի մի պաշտոնյա այս բանակցություններն անվանել է «տանջալից»։
Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ նախագծերը քննարկվում են ամեն օր, սակայն նկատելի առաջընթաց չկա: Աղբյուրների համաձայն՝ Թրամփի գլխավորությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը և այլ պաշտոնյաներ:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը ներկա չեն եղել հանդիպմանը, քանի որ այդ պահին համապատասխանաբար գտնվում էին Եվրոպայում և Ռազմածովային ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:
Խորհրդակցության ժամանակ Թրամփին զեկուցել են բանակցությունների ընթացքի, ինչպես նաև այն տարբեր սցենարների մասին, որոնք պատրաստված են բանակցությունների ձախողման դեպքի համար: Հանդիպումից ժամեր անց Սպիտակ տունը հայտարարել է Թրամփի հանգստյան օրերի ժամանակացույցի փոփոխության մասին. ուրբաթ երեկոյան Նյու Յորքում նախատեսված ելույթից հետո նա կվերադառնա Վաշինգտոն:
Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է ևս մեկ հնարավորություն տալ դիվանագիտությանը, սակայն արդեն հինգշաբթի երեկոյան նա հակված է եղել հարված հասցնելու հրաման արձակելուն:
Թրամփին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նախագահը բարձրացրել է վերջին՝ «վճռորոշ» խոշոր ռազմական գործողություն իրականացնելու հնարավորության հարցը, որից հետո ինքը կկարողանար հայտարարել հաղթանակի մասին և վերջ դնել պատերազմին: Այնուամենայնիվ, որևէ նշան չկա, որ Թրամփը պատերազմը վերսկսելու վերջնական որոշում է կայացրել:
Թրամփի մտադրություններին ծանոթ երկու աղբյուրներ նշում են, որ նա, ամենայն հավանականությամբ, հակված է անցնել ռազմական գործողությունների, եթե բանակցությունների ընթացքում որևէ անսպասելի շրջադարձ տեղի չունենա:
Source: https://news.am/hy/news/1037685
World
Թրամփը դիտարկում է Իրանի դեմ պատերազմի վերսկսման հնարավորությունը ծանր բանակցությունների ֆոնին․ Axios
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։