Մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 243 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 60-ամյա Մխիթար Հ.-ի վարած «Mercedes Sprinter» և 56-ամյա Գարուն Ե.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Գարուն Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժնի, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Source: https://news.am/hy/news/1037109