Առաջին անգամ Հայաստանը գործարանային արտադրության «Д-30» հաուբիցներ օգտագործել է 2023 թվականին, մինչ այդ ամբողջ հրետանին 1950–1960-ական թվականների էր։ Դրա մասին Հայաստանի Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մայիսի 21-ին անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Ըստ նրա՝ երբ Սերժ Սարգսյանը խոսում էր 1980-ականների զենքի մասին, նա չափազանցնում էր։

Նա հավելել է, որ այդ զենքերն իրականում 1960–1970-ական թվականների էին։ «Նրանք օգտագործում էին վերջին փուլի զենքեր, որոնք այլ պետություններ անպետքության պատճառով շպրտում էին Հայաստանին։ Թե ինչ է բանակը, սպառազինությունը և տեխնոլոգիաները, մենք ցույց կտանք մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում»,- նշել է Փաշինյանը։

Նա կրկին խոսել է պետությունից թալանված գույքի վերադարձի մասին՝ հավելելով, որ Արարատի մարզին է վերադարձվել շուրջ 200 միլիոն դոլար արժողությամբ 25 միավոր գույք։

«Այսօր հեղափոխությունը հասել է գագաթնակետին, քանի որ պետությունը սիրում է քաղաքացուն, իսկ քաղաքացին սիրում է պետությունը։ Հեղափոխությունը չի ավարտվի, քանի որ Հայաստանը վայելելու է այն սիրո պտուղները, որի մեկնարկը տրվեց 2018 թվականին։ Եվ այդ սերը հանգիստ չի տալիս պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությանը։ Նրանք մեկ խնդիր ունեն. պատերազմի այդ կուսակցությունը խնդիր է դնում վախեցնել Հայաստանի քաղաքացիներին 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հորինված թեմայով։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նման հարց Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ չի քննարկվել։ Պատերազմի լրտեսական կուսակցությունը միլիոններ է ծախսում այս թեման օրակարգ բերելու համար, քանի որ նրանց ձեռնտու չէ խաղաղությունը, քանզի խաղաղությունը թույլ չի տալիս նրանց թալանել երկիրը՝ իբր բանակաշինության և անվտանգության պատրվակով»,- ընդգծել է Փաշինյանը։

Source: https://news.am/hy/news/1037348