Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս՝ հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների կողմից։ Դրա մասին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ափսոսանք հայտնելով, որ դաշինքի անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը, որը Եվրամիությանն անդամակցելու քաղաքականություն է որդեգրել, պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ»։ Նա նշել է, որ Երևանը պետք է կողմնորոշվի, թե «որ գնացքով» է պատրաստվում հետագայում ընթանալ։ Հայաստանի ներկայացուցիչները խորհրդակցությունը բոյկոտել են, գրում է «КоммерсантЪ»-ը։
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա մարտահրավերների կողքին նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս։ «Հատկապես լարված իրավիճակ է ստեղծվում ՀԱՊԿ արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը բխում է ՆԱՏՕ-ի դաշինքից և դրա կազմի մեջ մտնող այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական և միլիտարիստական մոլուցքի մեջ»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Առավել հրատապ սպառնալիքների շարքում պարոն Շոյգուն առանձնացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի կտրուկ ավելացումը (2025 թվականին՝ ավելի քան 1,5 տրիլիոն դոլար), Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներուժի, ենթակառուցվածքների և հետախուզական գործունեության ընդլայնումը ՀԱՊԿ արևմտյան սահմանների մոտ և այդ տարածաշրջանում հաճախակի դարձած զորավարժությունները, որոնց շրջանակում, ի թիվս այլ բաների, մշակվում են Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը հարվածներ հասցնելու գործողություններ։
Սերգեյ Շոյգուի բնորոշմամբ՝ «խնդիրները շատ են, և դրանք լուծելն ավելի արդյունավետ է միասնաբար»։ «Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրի մոտ,- ափսոսանք է հայտնել պարոն Շոյգուն,- Բայց դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ»։
Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հետ միասին։ Հանդիպման վայրում Հայաստանի դրոշը ներկայացված էր կազմակերպության բոլոր էկրաններին և պաստառների վրա։ Սակայն Երևանի ներկայացուցիչներն այնտեղ չէին՝ նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ բոյկոտում են դաշինքի միջոցառումները։ Սերգեյ Շոյգուի բնորոշմամբ՝ «շինծու պատրվակներով»։
«Վերջին շրջանում նրանք իրենց նեղություն չեն էլ տալիս պատրվակները փոխելու համար։ Այն մշտապես մեկն է՝ ՀԱՊԿ ուժերի արձագանքի բացակայությունը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք կապված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ,- պարզաբանել է նա։- Սակայն ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է, և մենք... արձագանքում ենք այն ժամանակ, երբ մեզ դիմում են, երբ երկրի վրա հարձակում է տեղի ունեցել»։
Հայաստանի տարածքի վրա, նրա բնորոշմամբ, «ոչ ոք չի հարձակվել», և Երևանի կողմից «օգնություն ցուցաբերելու որևէ հարցում չի եղել»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Սերգեյ Շոյգուի, ակտիվորեն նպաստել են հակամարտության կարգավորմանը։ «Ընդ որում՝ դրա ավարտից հետո ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ է ստացվել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին հայտնվեն ՀԱՊԿ դիտորդներ։ Սակայն հայկական կողմը պատասխանեց, որ դրա կարիքը չկա։ Փոխարենը նրա մոտ հանկարծակի առաջացավ Եվրամիության դիտորդների կարիքը»,- հիշեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Մայիսի 26-ին Երևան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կարճատև այցի ընթացքում ստորագրվել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակում համագործակցության շրջանակային համաձայնագիրը և կրիտիկական հանքանյութերի ու հազվագյուտ մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում համագործակցության շրջանակային փաստաթուղթը։ Մարկո Ռուբիոն Երևանի հետ հարաբերությունների զարգացումը անվանել է Վաշինգտոնի համար «առաջնահերթություններից մեկը»։
Ավելի վաղ Հայաստանը նաև Մեծ Բրիտանիայի հետ ստորագրել էր ռազմավարական համագործակցության համաձայնագիր և օրենսդրական մակարդակով հաստատել Եվրամիությանն անդամակցելու կուրսը։
«КоммерсантЪ»-ի այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ՝ հաշվի առնելով նրա մերձեցումը Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների հետ, Սերգեյ Շոյգուն պատասխանեց Իգոր Գուբերմանի երգիծական բանաստեղծության վերաձևակերպված տողերով. «Չի կարելի նույն նստատեղով նստել տարբեր գնացքների վրա»։ «Հարկավոր է ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, ընտրել այն գնացքը, որը քեզ ճանապարհակից է, ճանապարհակից քո երկրին, ճանապարհակից քո ժողովրդին»,- խորհուրդ տվեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Source: https://news.am/hy/news/1038649
Armenia
Սերգեյ Շոյգուն Հայաստանին կոչ է արել «ընտրել իր գնացքը»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։