Ռուսաստանը լիովին պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին և ԱՄՆ-ին այն որոշումների իրականացման հարցում, որոնք կարող են համաձայնեցվել Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի կարգավորման բանակցությունների ընթացքում։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը լիովին պատրաստ է աջակցություն ցուցաբերել Թեհրանին և Վաշինգտոնին այն որոշումների իրականացման գործում, որոնք կարող են ձեռք բերվել նրանց բանակցությունների արդյունքում», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թեհրանը, Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացի շրջանակում, պատրաստակամություն է հայտնել հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ «որոշակի պայմաններով»։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին հարցրել են, թե որ պայմանների մասին է խոսքը, և արդյոք Վաշինգտոնը կապ է հաստատել Մոսկվայի հետ։

«Համոզված ենք, որ տվյալ խնդիրը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա և պատշաճ կերպով հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության օրինական շահերը», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրանա-ամերիկյան բանակցությունների մանրամասները «այն մասն են, որոնք առայժմ մնում են փակ դռների հետևում»։

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. Իրանը, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում, ունի խաղաղ ատոմի զարգացման անքակտելի իրավունք։

«Այդ իրավունքը տնօրինելու որոշումը, այդ թվում՝ ուրանի հարստացման և իր տրամադրության տակ եղած միջուկային նյութի համատեքստում, կարող է ընդունել միայն իրանցի ժողովուրդը», - ընդգծել է Զախարովան։

Source: https://news.am/hy/news/1037241