Եվրոպական մի շարք երկրներ պնդում են, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ պատժամիջոցներ սահմանվեն՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմիղի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը։

Ավելի վաղ Բեն-Գվիրը X-ում հրապարակել էր ակտիվիստների ժամանման տեսագրությունը։ Այդ կադրերում երևում է, թե ինչպես են իսրայելցի իրավապահները նրանց ենթարկում նվաստացուցիչ վերաբերմունքի։

Politico-ի տվյալներով՝ արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Սթեներգարդը հայտնել է, որ անհրաժեշտ է «շտապ պատժամիջոցներ սահմանել» Բեն-Գվիրի դեմ, իսկ Լեհաստանում հայտարարել են, որ նախարարին կարգելեն մուտք գործել երկիր։ Սահմանափակումների կիրառման օգտին է հանդես եկել նաև ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։

Միևնույն ժամանակ, որոշ երկրներ հանդես են եկել պատժամիջոցների սահմանման դեմ, այդ թվում՝ Չեխիայի ԱԳ նախարար Պետր Մացինկան։ ԵՄ երկու անանուն ներկայացուցիչներ պարբերականին տված մեկնաբանությունում նշել են, որ սահմանափակումները «կարող են քաղաքականացվել» հենց Բեն-Գվիրի կողմից՝ Իսրայելում հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։ Նրանց խոսքով՝ նախարարն իր «վրդովեցուցիչ տեսանյութով» ձգտում էր հենց նման արձագանքի, քանի որ դա «նախընտրական քայլ» էր։

Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայի հատվածի ափ ուղևորվող «Սումուդ» հերթական նավատորմիղի բոլոր նավերը կալանավորվել են, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։ Ինչպես նշել են ԱԳՆ-ում, նրանք բոլորը պետք է հասնեին Իսրայելի տարածք և «հանդիպեին իրենց հյուպատոսական ներկայացուցիչների հետ»։

«Սումուդ» գլոբալ նավատորմիղի» ներկայիս ակցիան սկսվել է ապրիլին։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց նպատակը Գազայի իսրայելական ծովային շրջափակումը ճեղքելն ու մշտական ծովային մարդասիրական միջանցք ստեղծելն է։ Մայիսի 18-ին իսրայելական Ynet պորտալը հայտնել էր, որ իսրայելական ափերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ միջազգային ջրերում, Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է կանգնեցնել նավատորմիղի նավերը։ Նախատեսվում էր ակտիվիստներին տեղափոխել հատուկ լողացող բանտի տախտակամած, այնուհետև հասցնել իսրայելական Աշդոդ նավահանգիստ։

Source: https://news.am/hy/news/1037452