«Ախալքալաք-Կարս երկաթուղու բացմամբ մենք հաղթահարեցինք Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլը, և այժմ մենք ունենք երկաթուղային կապ դեպի Արևելք և Արևմուտք»։ Դրա մասին մայիսի 25-ին Գյումրի քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Սա առաջին, բայց ոչ լիարժեք փուլն է։ Առջևում մեզ մեծ իրադարձություններ են սպասվում, առջևում TRIPP նախագծի իրականացումն է, կապաշրջափակվի Մեղրիով անցնող երկաթուղին։ TRIPP-ը կսկսի գործել տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա։
Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ հանձնելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը խախտելու մեջ, ֆիասկո ապրեցին։ TRIPP-ը Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է։ Սյունիքը դարձել է խաղաղության խաչմերուկ»,- նշել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ մեծ իրադարձություններ են սպասվում նաև Շիրակի մարզին։
«Մենք պատրաստվում ենք Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու բացմանը։ Բացի դրանից, միջազգային ներդրողները շարունակել են Հայաստանում կառուցել Արևելք-Արևմուտք նոր մայրուղին, որը կանցնի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերով, և երկաթուղուն զուգահեռ մենք մոտ ժամանակներս կսկսենք ավտոճանապարհ կառուցել։ Այն կդառնա ամենակարճ ճանապարհը, որը Կենտրոնական Ասիան կկապի Արևմուտքի հետ։
Սրանք դարակազմիկ իրադարձություններ են, որոնք հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ կներգրավեն»,- ընդգծել է Փաշինյանը։
Իր ելույթում նա կրկին ընդդիմությանը կոչ է արել չփորձել Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։
Source: https://news.am/hy/news/1038277
Armenia
Փաշինյանը Հայաստանի համար դարակազմիկ իրադարձություններ է ազդարարել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։