Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացվող ոլորտային վերլուծությունների ընթացքը, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների (այդ թվում` արհեստական բանականության) կիրառման արդյունքները և զարգացման հեռանկարները։

ՊԵԿ նախագահը կարևորել է հարկային գործընթացներում վերլուծական գործիքակազմի շարունակական կիրառման և դրան ուղղված կարողությունների զարգացման անհրաժեշտությունը. «Կամավոր հարկային կարգապահության բարձրացումը հնարավոր է միայն հարկ վճարողների հետ վերլուծական ու թվային գործիքներով փոխադարձ վստահության ամրապնդման և բաց երկխոսության պայմաններում»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է աշխատանքային ամբողջ գործընթացը՝ վերլուծության սկզբնական շրջանից մինչև ներկա փուլ, երբ գործընթացը իրականացվում էր հիմնականում հարկային ծառայողների վերլուծական մոտեցումներով, իսկ այժմ կիրառվում են նաև նորագույն տեխնոլոգիաներ և արհեստական բանականության գործիքներ։ Վերջին տարիների ընթացքում վերլուծական գործընթացների ավտոմատացումն էապես բարձրացրել է աշխատանքների արդյունավետությունը՝ տվյալների մշակման և վերլուծության մեջ ներդնելով նորարարական լուծումներ և դարձնելով այն ավելի թիրախային ու հասցեական։

Միաժամանակ, նորագույն լուծումները նպաստել են վերլուծական գործընթացների արագության և խորության զգալի աճին։ Ներկայում համակարգը գտնվում է անցումային փուլում՝ բանաձևային վերլուծության վրա հիմնված մոտեցումից դեպի ավելի զարգացած, AI-ի կիրառմամբ իրականացվող վերլուծական մոդելներ։

Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ՊԵԿ-ում այսօր ձևավորվում է ավելի ճկուն, տվյալահենք և ժամանակակից վերլուծական միջավայր․ «Մեզ համար սկզբունքային է, որ հարկային վարչարարությունը զարգանա վերլուծական տրամաբանությամբ, և այս ճանապարհին կարևոր դեր ունի հարկ վճարողների հետ բաց և ակտիվ համագործակցությունը»։ Վարչության մասնագետները ներկայացրել են նաև վերլուծական տվյալների դերը ՊԵԿ տեսլականի և առաքելության համատեքստում։ Հանդիպման ավարտին ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքները։

Source: https://news.am/hy/news/1037455