Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ երկիրն անցնում է ֆրանսիական միջուկային ուժերի պաշտպանության տակ։ Այդ քայլը պայմանավորված է տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի՝ պարտավորությունները կատարելու պատրաստակամության վերաբերյալ Եվրոպայում աճող անհանգստությամբ։
Օսլոյի որոշումը պատմական և ռազմավարական նշանակալի տեղաշարժ է. Նորվեգիան ավանդաբար համարվել է դասական ատլանտյան ազգ, որը տասնամյակներ շարունակ հավատացել է, որ իր անվտանգությունը լավագույնս ապահովվում է Վաշինգտոնի հետ սերտ դաշինքի միջոցով։
Ստյորեն չորեքշաբթի ժամանել է Փարիզ, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ֆրանսիայի հետ պաշտպանական նոր համաձայնագիր ստորագրելու համար։ Փաստաթուղթը նախատեսում է Նորվեգիայի միացումը Փարիզի գլխավորած միջուկային պաշտպանական նախաձեռնությանը։
«Մենք գնում ենք այս քայլին՝ հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության քաղաքականության ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, ներառյալ Ռուսաստանի լայնամասշտաբ վերազինումը, դրանց թվում՝ միջուկային ոլորտում, ինչպես նաև այն փաստը, որ նա լայնամասշտաբ պատերազմ է մղում մեկ այլ եվրոպական պետության դեմ»,- NTB լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է Ստյորեն։
Նա պարզաբանել է, որ խաղաղ ժամանակ Նորվեգիայի տարածքում միջուկային զենք չի տեղակայվելու։
5,6 միլիոն բնակչություն ունեցող սկանդինավյան այս պետությունը ՆԱՏՕ-ի կազմում է, սակայն Եվրամիության անդամ չէ։ Արկտիկայում Նորվեգիան անմիջական ցամաքային սահման ունի Ռուսաստանի Դաշնության հետ։
Ֆրանսիան մարտին պաշտոնապես առաջարկեց իր «միջուկային հովանու» պաշտպանությունը տարածել եվրոպական այլ երկրների վրա։ Գործնականում դա նշանակում է, որ Նորվեգիայի վրա հնարավոր հարձակումն այժմ կարող է հանգեցնել Փարիզի կողմից միջուկային պատասխանի։
Նորվեգիան դարձավ հերթական երկիրը, որը միջուկային երաշխիքներ ստացավ Ֆրանսիայից։ Ավելի վաղ նմանատիպ համաձայնագրեր էին ստորագրել Լեհաստանն ու Լիտվան, որոնք նույնպես սահմանակցում են Ռուսաստանին։
Source: https://news.am/hy/news/1038918
World
Նորվեգիան պաշտոնապես անցնում է Ֆրանսիայի «միջուկային հովանու» տակ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։