ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մայիսի 22-ին տեղի է ունեցել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական բացման ու CertScan ծրագրի գործարկման հանդիսավոր արարողությունը։ Նախագծերն իրականացվել են «Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության աջակցության» (EXBS) ծրագրի շրջանակում՝ S2Global ընկերության հետ համագործակցությամբ, ԱՄՆ կառավարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։
ՊԵԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, EXBS ծրագրի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն և ու պաշտոնատար անձինք։
Ներդրված CertScan համակարգը միավորում է ՀՀ ՊԵԿ սահմանային անցակետերում և տերմինալներում գործող ռենտգենյան սկանավորումների պատկերները մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ռենտգենյան պատկերների կենտրոնացված և իրական ժամանակում մշտադիտարկում։ Վերլուծության և օպերատիվ արձագանքման արդյունքում մաքսային ծառայողների հետագա գործողությունները կդառնան առավել նպատակային և արդյունավետ։
Նոր հարթակի ներդրմամբ զգալիորեն կբարձրանա սահմանային անվտանգությունը՝ նպաստելով հնարավոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների առավել արդյունավետ բացահայտմանը։ Միաժամանակ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը՝ բարելավելով մաքսային հսկողության գործընթացների թափանցիկությունը՝ նպաստելով օրինական առևտրի զարգացմանն ու ՀՀ սահմաններով ապրանքների անխափան տեղաշարժին։ Ծրագրի իրականացման ընթացքում առանձնապես կարևորվել է մաքսային համակարգում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարրերի կիրառումն ու ինտեգրումը։
Միջոցառման ընթացքում, մեկ բեռնատարի զննման օրինակով, քայլ առ քայլ ներկայացվել է CertScan միասնական հարթակի աշխատանքի առանձնահատկությունները, գործառնական հնարավորությունները, կիրառվող գործիքակազմն ու համակարգի հիմնական առավելությունները։
Հիշեցնենք, որ EXBS ծրագիրը նշանակալի ներդրում ունի Հայաստանի սահմանային անվտանգության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։
Առաջադեմ տեխնոլոգիական լուծումների, տեղեկատվության արագ փոխանակման և կենտրոնացված մասնագիտական վերահսկողության շնորհիվ նորաստեղծ մոնիթորինգային կենտրոնն էապես կնպաստի Հայաստանի մաքսային ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ ծառայելով որպես սահմանային կառավարման կարևոր տեխնոլոգիական գործիք։
Source: https://news.am/hy/news/1038035
World
Նոր տեխնոլոգիական լուծումներ. ՊԵԿ-ում բացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնն ու գործարկվել CertScan համակարգը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։