Նիդեռլանդներն ականազերծող նավ են ուղարկում Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակում։ Այդ քայլը հնարավորություն կտա նավն օպերատիվ կերպով տեղափոխել ռազմավարական Հորմուզի նեղուց այն դեպքում, եթե դաշինքը համաձայնեցնի միջազգային առաքելությունը Իրանում պատերազմի ավարտից հետո։ Դրա մասին չորեքշաբթի հայտնել են պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզը և արտգործնախարար Թոմ Բերենդսենը երկրի խորհրդարանին ուղղված պաշտոնական նամակում, հայտնում է Reuters-ը։

Ռազմանավը դուրս է գալիս արդեն այս շաբաթ և հունիսի կեսից պաշտոնապես կընդգրկվի ՆԱՏՕ-ի Մշտական հակաականային խմբի կազմում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այս որոշումը Ամստերդամի լայնամասշտաբ նախապատրաստությունների մի մասն է՝ Պարսից ծոցի գոտում առանցքային նավագնացային ուղիների անվտանգության ապահովմանը հնարավոր մասնակցության համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հաստատել էր, որ դաշինքի մի շարք պետություններ արդեն զբաղվում են Ծոցի անմիջական հարևանությամբ լոգիստիկ աջակցության ուժերի, ականաորսիչների և ականազերծող նավերի նախնական տեղակայմամբ։ Այդ զորաշարժերի նպատակն է լիակատար մարտական պատրաստվածության վիճակում լինել Հորմուզի նեղուցում առաքելության տեղակայման պահին, որը նավթի և հեղուկացված գազի տրանսպորտավորման համար աշխարհի կարևորագույն զարկերակն է։

Source: https://news.am/hy/news/1038863