Քանավերալ հրվանդանի տիեզերակայանում New Glenn հրթիռի վթարից հետո մեկնարկային հարթակի վերականգնումը կարող է տևել մոտ երկու տարի։ Այս մասին Վաշինգտոնում կայացած «CNBC CEO Council Summit» համաժողովի ժամանակ հայտարարել է NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեկմանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով տիեզերական ենթակառուցվածքների վերականգնման գործում գործակալության ունեցած փորձը՝ նման աշխատանքները զգալի ժամանակ են պահանջում։ Նա նշել է, որ նույնիսկ արագացված տեմպերի դեպքում գործընթացը մնում է երկարատև ու բարդ։

«Կարծում եմ՝ մինչև 2028 թվականը նրանց մեկնարկային հարթակի վերականգնումն իրագործելի է», — ասել է Այզեկմանը։

Նա նաև ընդգծել է, որ բուն մեկնարկային ենթակառուցվածքի վերականգնումը տևական ժամանակ կխլի՝ նույնիսկ մասնագետների ակտիվ աշխատանքի պարագայում։

Ավելի վաղ շարժիչային համակարգի փորձարկումների ժամանակ պայթել էր New Glenn ծանր հրթիռը։ Blue Origin ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտնել էր, որ միջադեպի պատճառները դեռևս պարզված չեն։ Blue Origin-ից հայտարարել են, որ թեստավորման ընթացքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, սակայն աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։

Source: https://news.am/hy/news/1040130