Լիբանանի արևելյան հատվածի գյուղերից մեկի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով 12 մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան պետական Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Երկուշաբթի ուշ երեկոյան Բեքաայի հովտի շրջանին հասցված հարվածը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունից հետո, որ նա արտոնել է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնել «Հըզբոլլահ» խմբավորման օբյեկտներին ամբողջ Լիբանանի տարածքում։

Փրկարարները հայտնել են, որ փլատակների տակից դուրս է բերվել զոհվածների 12 մարմին։ Դա տեղի է ունեցել գիշերային ավիահարվածների հզոր ալիքից հետո, որոնց թիրախում են հայտնվել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող ընդարձակ տարածքները։

Ներկայիս էսկալացիան և ռազմական գործողությունների ակտիվացումը տեղի են ունենում Լիբանանի և Իսրայելի ռազմական պատվիրակությունների՝ Վաշինգտոնում ուղիղ բանակցություններ անցկացնելու նպատակով նախատեսված հանդիպումից ընդամենը երեք օր առաջ:

Source: https://news.am/hy/news/1038558