ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԸՀ–ից։
Ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։
Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 21–ին, «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակի 87 հոգուց 62–ը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։
Այս առնչությամբ կուսակցությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով. «Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխություններն ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ, իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։
Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է՝ մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։
ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով, որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում»։
Source: https://news.am/hy/news/1037559
Armenia
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։