Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Երեկ արդեն ՔԿ–ն քրեական վարույթ նախաձեռնեց, իսկ այսօր վաղ առավոտից դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ էին սկսել։ Խուզարկություն էր իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։

Source: https://news.am/hy/news/1037673