Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԿԸՀ–ից։

«Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։ Նիստից հետո ԿԸՀ–ի կայքում կհրապարակվի որոշումը»,–հայտնեցին հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Source: https://news.am/hy/news/1037469