Քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը (DEM) դատապարտել է դատական որոշումը, որի հիման վրա անցյալ շաբաթ պաշտոնանկ է արվել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ/CHP) ղեկավարությունը։ DEM-ում ԺՀԿ-ի առաջնորդներին կուսակցության գլխամասային գրասենյակից վտարելու ոստիկանական գործողությունն անվանել են «խայտառակություն ժողովրդավարության համար»։

Կիրակի Անկարայում հատուկ նշանակության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել և գրոհով վերցրել գլխամասային գրասենյակի շենքը՝ այնտեղից բռնի կերպով վտարելով պաշտոնանկ արված առաջնորդ Օզգյուր Օզելին։ Բուն ԺՀԿ-ում դատարանի այդ որոշումը կտրականապես մերժել են՝ այն որակելով որպես «դատական հեղաշրջում», և խոստացել են շարունակել պայքարը։

DEM կուսակցությունը, որը խորհրդարանի մեծությամբ երրորդ խմբակցությունն է, միացել է ավելի փոքր ընդդիմադիր ուժերի քննադատությանը, որոնք վերաքննիչ դատարանի վճիռը հակաժողովրդավարական են համարել։ DEM-ը խստորեն դատապարտել է ինչպես բուն դատական որոշումը, այնպես էլ ոստիկանության կիրակնօրյա միջամտությունը։

Խորհրդարանի շենքում Օզելի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով լրագրողների առջև՝ DEM կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը ոստիկանության գործողություններն անվանել է «խայտառակ և անընդունելի»։ Նա ընդգծել է, որ միջադեպի ընթացքում ուժայինների պահվածքը դարձել է «խայտառակություն ժողովրդավարության համար և օրենքի գերակայության սկզբունքի սկանդալային խախտում»։

«Քաղաքական կուսակցությունների ճակատագիրը պետք է որոշեն ոչ թե դատարանները, այլ նրանց անդամները և ընտրողների կամքը»,- հավելել է Բաքըրհանը։

Source: https://news.am/hy/news/1038246