Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) քննում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» կողմից FPV տեսակի ԱԹՍ-ների կիրառման դեպքերը, որոնք գիշերային ժամերին հարվածել են իսրայելական ուժերին: Այս մասին հայտնում է Ynet News-ը։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ առաջին դեպքը գրանցվել է շաբաթ օրը՝ ուշ երեկոյան, ինչի հետևանքով զոհվել է «Գիվատի» բրիգադի զինծառայող, սերժանտ Մայքլ Տյուկինը: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը, որին զոհ է գնացել «Մագլան» հատուկ ստորաբաժանման սերժանտ Ադամ Ցարֆատին:

Ինչպես նշում է «Ynet»-ը, Իսրայելի բանակում անհանգստացած են այն փաստից, որ «Հեզբոլլահը» կարող է արդիականացրած լինել FPV դրոնները՝ դրանք համալրելով մթության մեջ գործելու հնարավորություն տվող համակարգերով:

Ռազմական աղբյուրները շեշտում են, որ նմանատիպ հարձակումները գնալով ավելի դիպուկ են դառնում, ինչի պատճառով ստորաբաժանումները ստիպված են լինում անդադար փոխել իրենց դիրքերը: Հաղորդվում է նաև, որ իսրայելական կողմը սահմանափակում է ծանր ինժեներական տեխնիկայի կիրառումը, քանի որ այն չափազանց խոցելի է նման հարվածների նկատմամբ:

Source: https://news.am/hy/news/1040192