Իրավապահ մարմինների աշխատակիցներն առանց Անդրանիկ Թևանյանի համաձայնության խուզարկություն են կատարում նրա բնակարանում։

Ավելի վաղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որտեղ ներկա էր նաև կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։

Գրասենյակում խուզարկությունից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները սկզբում Թևանյանին թույլ չեն տվել ոտքով հասնել իր տուն, որը գտնվում էր մոտակայքում՝ պնդելով, որ նա նստի մեքենան։ Միայն փաստաբան Զարուհի Փոստանջյանի և հենց Թևանյանի դիմադրությունից հետո ԱԱԾ աշխատակիցները նրան թույլ են տվել ոտքով գնալ տուն։

Քննիչները Թևանյանին դիմավորել են նրա բնակարանի մոտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թևանյանն ասել էր, որ տանը ոչ ոք չկա, սակայն պարզվել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բնակարան են մտել առանց Թևանյանի թույլտվության և համաձայնության։

«Փաստորեն, առանց իմ թույլտվության մտել են իմ բնակարան, ես չեմ տեսել որևէ որոշում այն մասին, որ պետք է խուզարկեն իմ բնակարանը», - նշել է Թևանյանը։

Source: https://news.am/hy/news/1037481