ԱՄՆ-ի, Իսրայելի, Լիբանանի և Իրանի միջև կայուն խաղաղ համաձայնագիր մշակելու փորձն ինքնին գրեթե անիրագործելի խնդիր է։ Միևնույն ժամանակ նման քայլը կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի մարդկությունը հեռացվի վտանգավոր եզրագծից, գրում է Independent-ը։

«Սակայն Դոնալդ Թրամփի հանկարծակի որոշումը նոր պայման ավելացնելու մասին՝ մի շարք մահմեդական երկրներից պահանջելով ստորագրել «Աբրահամյան համաձայնագրերը» (Իսրայելը ճանաչելու վերաբերյալ դիվանագիտական պայմանագրեր) որպես Իրանի վերաբերյալ խաղաղ ծրագրի «պարտադիր» կետ, վտանգավոր և ավելորդ է թվում։

Հատկապես եթե հաշվի առնենք, որ հիշյալ պետությունները ներքաշվել են այս պատերազմի մեջ իրենց կամքին հակառակ։ Դրանց թվում է Պակիստանը, որը միջնորդ էր խաղաղ գործընթացում և արդեն կտրականապես մերժել է այս առաջարկը, ինչպես նաև Սաուդյան Արաբիան և Կատարը, որոնց տարածքներում տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ, ինչի պատճառով դրանք արդեն ենթարկվել են իրանական հրթիռային հարվածների։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ Իրանի հետ խաղաղ համաձայնագրից կախված են միլիոնավոր մարդկանց կյանքերը, համաշխարհային տնտեսության ապագան, ինչպես նաև տարածաշրջանի և ամբողջ մոլորակի անվտանգությունը։

Մենք բոլորս արդեն զգացել ենք այս անիմաստ հակամարտության ֆինանսական հետևանքները, որը ներառել է 13 պետություն, խլել է ավելի քան 6 000 մարդու կյանք և, Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով, հանգեցրել է էներգակիրների մատակարարումների պատմության մեջ ամենախոշոր խափանմանը։

Թեև այսօր մեզանից յուրաքանչյուրը բախվում է կյանքի թանկացմանն ու շուկաների անկայունությանը, Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ վատթարագույնը դեռ առջևում է․ ճգնաժամի հետևանքները լիովին կդրսևորվեն միայն տարվա վերջին։

Բառացիորեն անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը, կրկնելով ՄԱԿ-ի նախազգուշացումները, հայտարարեց, որ աշխարհը «կույր կերպով շարժվում է դեպի գլոբալ պարենային ճգնաժամ»։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ կհայտնվեն սովի եզրին, եթե Իրանը (և մասամբ նաև ԱՄՆ-ը) շարունակեն շրջափակել Հորմուզի նեղուցը՝ զրկելով ֆերմերներին պարարտանյութերի մատակարարումներից։

Ինչպիսին կլինի այս դիմակայության «թիթեռի էֆեկտը», մենք դեռ չգիտենք։ Եվ չենք էլ ուզում իմանալ։ Ուրեմն ի՞նչ է իրականում տեղի ունենում։

Իրանում պատերազմը հենց Միացյալ Նահանգներում էլ ժողովրդականություն չի վայելում։ The New York Times-ի և Սիենայի քոլեջի անցյալ շաբաթ անցկացրած համատեղ հարցումը ցույց է տվել, որ ընտրողների երկու երրորդը Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը սխալ է համարում։

Սա լուրջ հարված է հասցրել Թրամփի հավանության վարկանիշին՝ գործող նախագահի կուսակցության ընտրական արդյունքները կանխատեսող կարևոր պատմական ցուցանիշին։ Նույն հարցման համաձայն՝ վարկանիշը իջել է նրա երկրորդ ժամկետի պատմական նվազագույնին՝ 37%, և դա Կոնգրեսի կենսականորեն կարևոր միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։

Թրամփը, որը նախընտրական արշավը կառուցել էր «խաղաղարար նախագահ» կերպարի վրա, պարբերաբար պարծենում է «ութ պատերազմ» կարգավորելով և չի թաքցնում Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու իր բուռն ցանկությունը։ Նրան կենսականորեն անհրաժեշտ է խոշոր հաղթանակ դիվանագիտական ասպարեզում։

Եթե նրան հաջողվի Իրանի հարցով գործարք կնքել (որը նա կներկայացնի որպես հաղթանակ՝ անկախ իրական գնից) և միաժամանակ ընդլայնել «Աբրահամյան համաձայնագրերի» մասնակիցների թիվը, դա նրա համար կլինի իր ընտրազանգվածի աչքում հեղինակությունը վերականգնելու իդեալական միջոց։

Խնդիրն այն է, որ այս ծրագիրը անիրագործելի է։ Այն միայն կձգձգի գործընթացը և տեսանելի ապագայում նոր հակամարտություններ կհրահրի։

Երկուշաբթի Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Իրանի հետ հրադադարի քննարկման ընթացքում նա Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի առաջնորդներին ասել է, որ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալը «նվազագույն» պայման է։ «Սա պետք է պարտադիր լինի»,— հավելել է նա։

ԱՄԷ-ն և Բահրեյնը, որոնք երբեք պաշտոնապես չեն պատերազմել Իսրայելի դեմ, դա արել էին դեռ վեց տարի առաջ՝ ճանաչելով հրեական պետությունը և բացելով համագործակցության բազմամիլիարդանոց ուղիներ դիվանագիտության, զբոսաշրջության, անվտանգության, զենքի մատակարարումների և առևտրի ոլորտներում։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հույս ուներ, որ մինչև 2023 թվականի վերջ նրանց օրինակին կհետևի նաև Սաուդյան Արաբիան։

Այս բոլոր հույսերը ակնթարթորեն խաչ քաշվեցին ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմամբ և դրան հաջորդած Իսրայելի աննախադեպ ռազմական գործողությամբ Գազայի հատվածում, որտեղ սպանվել է ավելի քան 70 000 պաղեստինցի, իսկ գրեթե երկու միլիոն մարդ դարձել է փախստական։

Գազայի վրա իսրայելական հարվածների մասշտաբներն այնքան ծայրահեղ են, որ ՄԱԿ-ի փորձագետները տեղի ունեցողը անվանել են ցեղասպանություն և նախազգուշացրել, որ Թել Ավիվը ակտիվացրել է օկուպացված Արևմտյան ափում «էթնիկ զտումների և անեքսիայի արշավը»։

Էր Ռիյադը և այլ արաբական մայրաքաղաքներ բազմիցս հայտարարել են, որ Իսրայելի ճանաչումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինյան պետության ստեղծման պայմանով՝ մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում։ Սակայն Բենիամին Նեթանյահուի ծայրահեղ աջ կառավարությունը հստակ հասկացնել է տվել՝ ոչ մի Պաղեստին չի լինելու։ Ավելին, նրա կառավարության առանցքային նախարարները, այդ թվում՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, փաստացի Արևմտյան ափի քողարկված անեքսիան վերածում են պաշտոնականի։

Գազայի պատերազմն ու Արևմտյան ափում կոշտ գործողություններն արդեն իսկ գործող «Աբրահամյան համաձայնագրերը» հասցրել են խզման եզրին․ նույն ԱՄԷ-ն ահռելի ներքին և արտաքին ճնշման է ենթարկվում՝ պայմանագրերից դուրս գալու պահանջներով։

Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Լիբանանի միջև առանց այն էլ չափազանց բարդ բազմակողմ գործարքը կապելով դժվար ընթացող «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնմանը ևս կես տասնյակ երկրների հաշվին՝ Թրամփը ավելացնում է անհաղթահարելի և վտանգավոր բարդության մի նոր մակարդակ։ Սա կարող է ամբողջովին թաղել հրադադարի հույսերը և, միանգամայն հնարավոր է, բորբոքել պատերազմի նոր օջախներ։

Իրանի հետ հրադադարը նույնիսկ առանց այդ էլ չափազանց խճճված է թվում։ Կողմերի դիրքորոշումները առանցքային հարցերում՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունից մինչև Իրանի միջուկային ծրագրի և երկրի քաղաքական ղեկավարության ապագան, էքզիստենցիալ առումով տրամագծորեն հակառակ են։

Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես Իրանի շուրջ բանակցությունները քիչ էր մնում տապալվեին Լիբանանի վրա Իսրայելի չդադարող հարվածների և «Հեզբոլլահ» խմբավորման դեմ նրա պատերազմի պատճառով։ Իրավիճակը փորձեցին կարգավորել փխրուն, հազիվ գործող հրադադարով, որը փաստացի չի պահպանվում։ Այժմ տարածաշրջանում աճում են մտահոգությունները Իսրայելի սահմանների հնարավոր մշտական ընդլայնման վերաբերյալ՝ ինքնիշխան լիբանանյան տարածքների հաշվին, ինչպես նաև պառակտված Լիբանանի ներսում քաղաքացիական պատերազմի սկսման ռիսկերը։

Երեքշաբթի օրը լարվածության սրման լրացուցիչ գործոն դարձավ ԱՄՆ-ի և Իրանի միջև մեղադրանքների կոշտ փոխանակումը։ Թեհրանը մեղադրեց Վաշինգտոնին գործող հրադադարի ռեժիմի ուղղակի խախտման մեջ այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները հարվածներ հասցրին Իրանի հարավային Հորմոզգան նահանգի օբյեկտներին».

Source: https://news.am/hy/news/1038589