Հայաստանի կառավարությունը մայիսի 21-ի նիստում հավանություն է տվել «Ծանր մեքենաշինության ոլորտների զարգացման բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության մասին» համաձայնագրին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 5-ին։ Այն նպատակաուղղված է տվյալ ոլորտում ներգրավված ԱՊՀ երկրների ձեռնարկությունների միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

«Համաձայնագրի նպատակն է զարգացնել ծանր մեքենաշինության ճյուղերի արդյունաբերական արտադրությունը՝ կոոպերացիայի ծավալների աճի, արտադրական նոր տեխնոլոգիաների ներդրման, ռեսուրսների խնայողության և էկոլոգիական անվտանգության ապահովման, ինչպես նաև նշված ոլորտների արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցով», - նշված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունում համոզված են՝ համաձայնագրի իրագործումը բարենպաստ պայմաններ կստեղծի շահագրգիռ պետական մարմինների, արդյունաբերական ձեռնարկությունների և տվյալ ոլորտի կազմակերպությունների համագործակցության, արտադրության մեջ գիտատեխնիկական նվաճումների ներդրման ու կիրառման, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաջմղման համար։

Source: https://news.am/hy/news/1037139