Ֆրանսիայի Սոնա և Լուար դեպարտամենտում ոստիկանությունը վարորդներին նախազգուշացրել է անսովոր սեզոնային վտանգի մասին․ ճանապարհներին կարող են հայտնվել ապակողմնորոշված եղջերուներ, որոնք իրենց պահում են այնպես, կարծես հարբած լինեն։

Իրավապահ մարմինները նախազգուշացում են հրապարակել այն բանից հետո, երբ գյուղական շրջաններում արձանագրվել են վայրի կենդանիների տարօրինակ վարքագծի դեպքեր։

Եղջերուները կորցնում էին կողմնորոշումը, շարժվում էին անվստահ, կարող էին պտտվել և ընկնել, իսկ երբեմն էլ անսպասելի դուրս էին գալիս երթևեկելի հատված՝ ստեղծելով վթարային իրավիճակների վտանգ։

Մասնագետների խոսքով՝ խոսքը ալկոհոլի ազդեցության մասին չէ՝ մարդկանց սովորական ընկալմամբ։

Նման վարքագիծը բացատրվում է բնական գործընթացներով․ գարնանը և ամռան սկզբին կենդանիները ուտում են գերհասունացած մրգեր, երիտասարդ ընձյուղներ և այլ բուսականություն, որոնցում բնական խմորման արդյունքում կարող է առաջանալ էթանոլ։

Սա կարող է ժամանակավորապես ազդել կենդանիների կոորդինացիայի և վարքագծի վրա՝ առաջացնելով արտաքինից հարբածության նման վիճակ։

Տարածաշրջանի իշխանությունները վարորդներին կոչ են արել հատկապես ուշադիր լինել գյուղական ճանապարհներին, հատկապես գիշերային ժամերին և անտառային տարածքների մերձակայքում, որտեղ վայրի կենդանիների հայտնվելու հավանականությունն ավելի մեծ է։

Նրանց խոսքով՝ նման դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում, սակայն կարող են լուրջ վտանգ ներկայացնել՝ երթևեկելի հատվածում կենդանիների վարքագծի անկանխատեսելիության պատճառով։

Source: https://news.am/hy/news/1035277