Ֆրանսիան և Նորվեգիան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Le Monde-ը։ Երկու երկրների առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Յոնաս Գար Ստյորեն հայտարարել են, որ Օսլոն կմիանա Փարիզի գլխավորած միջուկային զսպման ծրագրին՝ Եվրոպայում անվտանգության ամրապնդման նպատակով։ «Մենք դա անում ենք՝ հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության քաղաքականության ոլորտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի լայնածավալ վերազինումը, այդ թվում՝ միջուկային ոլորտում, և այն փաստը, որ նա լայնամասշտաբ պատերազմ է մղում եվրոպական մեկ այլ երկրի դեմ»,- ասել է Նորվեգիայի վարչապետը։ Սրանից հետևում է, որ Նորվեգիայի վրա հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել Ֆրանսիայի կողմից պատասխան միջուկային գործողությունների, նշում է Reuters-ը։

Նորվեգիայի վարչապետի խոսքով՝ խաղաղ ժամանակ երկրում միջուկային զենք չի տեղակայվի, սակայն «կոնկրետ կառուցվածքների, պլանների, զորավարժությունների և տեխնիկայի նախնական տեղակայման միջոցով» համաձայնագիրն ամրապնդում է երկու երկրների համագործակցությունը։ Ստյորեն նաև ընդգծել է, որ պայմանագիրը թույլ կտա երկրին ապահովել «օպերատիվ և համակարգված արձագանք» սպառնալիքների առաջացման դեպքում։ Մարտին Մակրոնը ներկայացրել էր մի ծրագիր, որի շրջանակներում Ֆրանսիան՝ որպես Եվրամիության միակ միջուկային տերություն, կօգտագործի իր միջուկային արսենալը մայրցամաքում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Մակրոնի խոսքով՝ միջուկային զսպման այս ծրագրի շրջանակում մասնակից երկրները կկարողանան իրենց տարածքում ժամանակավորապես տեղակայել Ֆրանսիայի «ռազմավարական ռազմաօդային ուժերը»։ Սա թույլ կտա ֆրանսիական ուժերը «սփռել ողջ Եվրոպայով մեկ»՝ դրանով իսկ «խառնելով հակառակորդների հաշվարկները»։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել էր երկրի միջուկային արսենալի ընդլայնման և դրա չափսերի մասին տվյալների գաղտնիացման մասին։

Մինչև Օսլոյի միանալը, ծրագրին արդեն անդամակցում էր ութ պետություն՝ Բելգիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան և միջուկային մեկ այլ տերություն՝ Մեծ Բրիտանիան։ Նորվեգիան, որն ունի 5,6 միլիոն բնակչություն, ՆԱՏՕ-ի անդամ է և Արկտիկայում սահմանակից է Ռուսաստանին։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Ֆրանսիան աշխարհում չորրորդն է իր միջուկային արսենալի չափերով՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո․ երկիրը տիրապետում է 290 մարտագլխիկի։

Source: https://news.am/hy/news/1039042