Ինչպես հայտնում է Euronews-ը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ուրբաթ օրը թարմացված առևտրային համաձայնագիր են ստորագրել Մեքսիկայի հետ։ Այս քայլին կողմերը դիմել են նախնական պայմանագրից երկու տասնամյակ անց՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին ԱՄՆ-ից և Չինաստանից ունեցած կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Համաձայնագիրը կնքվել է Մեքսիկայում ընթացող ԵՄ-Մեքսիկա գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ ֆոն դեր Լայենին և Կոշտային է միացել երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական աճող լարվածության և ԱՄՆ նախագահի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո գլոբալ դաշինքների վերադասավորման ֆոնին։ Այս երկու միջին տերությունների տնտեսական գործընկերությունը փաստում է Վաշինգտոնից և Պեկինից կախվածությունը նվազեցնելու երկկողմ ջանքերը։ Հաշվի է առնվել նաև այն, որ ԱՄՆ-ն թե՛ ԵՄ-ի, թե՛ Մեքսիկայի խոշորագույն առևտրային գործընկերն է, իսկ Չինաստանի համար Մեքսիկան դարձել է էլեկտրամոբիլների արտադրության հզոր կենտրոն։
«ԵՄ-ն և Մեքսիկան հավատարիմ են սերտ ռազմավարական գործընկերությանը»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։
«Այսօրվա արդիականացված համաձայնագրերը սահմանում են ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը և բազմաթիվ օգուտներ կբերեն երկու կողմերին էլ»,- հավելել է նա։
ԵՄ-Մեքսիկա առևտրային համաձայնագիրն ամրապնդում է ԵՄ դիվերսիֆիկացման ռազմավարությունը՝ թարմացնելով 20-ամյա վաղեմության պայմանագիրը, որն արդեն իսկ վերացրել էր երկկողմ առևտրում առկա սակագնային արգելքները։
Նոր համաձայնագրի համաձայն՝ ԵՄ-ն հասանելիություն կստանա սպառման նոր շուկաներին այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ագրոպարենային արտադրանքը (խոզի միս, կաթնամթերք, ձավարեղեն, մրգեր և մակարոնեղեն), դեղագործությունը և մեքենաշինությունը։
Մեքսիկան ԵՄ երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Լատինական Ամերիկայում, իսկ ԵՄ-ն՝ Մեքսիկայի երկրորդ խոշորագույն արտահանման շուկան։ 2025 թվականին երկու կողմերի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 86,8 միլիարդ եվրոյի, իսկ ծառայությունների ոլորտում շրջանառությունը 2024 թվականին կազմել է 29,7 միլիարդ եվրո։
Այս թվերը դեռևս շատ ավելի փոքր են, քան իր հարևանի՝ ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի առևտրի ծավալը, որը 2024 թվականին ապրանքների և ծառայությունների մասով գերազանցել է 900 միլիարդ դոլարը։
Այդուհանդերձ, գործարքը կնքվել է, քանի որ Մեքսիկան բախվում է Սպիտակ տան կողմից իրականացվող ավելի պրոտեկցիոնիստական քաղաքականության աճող ճնշմանը։ Իր հերթին ԵՄ-ն ևս ստիպված է պայքարել Թրամփի կողմից հնչող մաքսատուրքերի բազմաթիվ սպառնալիքների դեմ (չնայած 2025 թվականին կնքված առևտրային համաձայնագրին)։
Source: https://news.am/hy/news/1037745
World
Եվրամիությունն ու Մեքսիկան 20 տարի անց ստորագրեցին թարմացված առևտրային համաձայնագիր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։