Ես երկու տարի ծառայել եմ բանակում, տարիքից ելնելով ծառայել եմ Խորհրդային բանակում դեռ, իսկ դո՞ւք։ Քառօրյա պատերազմին եղել եմ Արցախում, իսկ դո՞ւք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը՝ արձագանքելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ իրեն ուղղված գրառմանը։

Նշենք, որ Նուռը NEWS.am–ի հետ զրույցում նշել էր. «Եթե պիտի ընտրել, գոնե պատերազմով, պայքարելով. ուլ կամ մատաղացու չեմ, որ հանձնվեմ»։

Ի պատասխան Պապոյանը գրել էր. «Տեսնես Նուռը որտե՞ղ է պատերազմել, որ ուլ ու մատաղացու չի դարձել։ Տեսնես Հայաստանում ե՞րբ են սուտի էլիտաները դադարելու այլոց երեխաների արյան վրա ձեռքեր տաքացնել»։

Նուռը նշել է. «Ձեր պարագլխի կոչով 44-օրյա պատերազմի երրորդ օրը, իսկ երեք օրը ինձ պետք էր ընդամենը նրա համար, որ 86 տարեկան մայրիկիս համար խնամակալ գտնեմ, երրորդ օրը ես գնել եմ զինվորական հագուստ, զրահաբաճկոն և սաղավարտ, և գնացել եմ Գորիս՝ սահման և 20 օր անընդմեջ խնդրել եմ, որ ինձ զենք տան, որ ես կարողանամ մտնեմ և դառնամ ձեր ասած մատաղացու ուլը։

Բայց չեք տվել, քանի որ եթե զենք տայիք, ձեր բարեկամներից մի քանիսին հետս կտանեի, իսկ դուք ո՞ւր եք եղել այդ ժամանակ, Գևորգ Պապոյան։

Ինչ վերաբերում է սուտի էլիտաներին, ապա հաշվի առնելով այն Մգեռ Արմենիաներին, որոնց դուք համարում եք այսօր իրական էլիտա, ես ուրախ եմ՝ համեմատության մեջ լինել սուտի էլիտա»։

Source: https://news.am/hy/news/1037571