ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է Պաշտպանության ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանի քարոզարշավային, կուսակցական տեսանյութով, որտեղ նա քննադատում է քաղաքական հակառակորդներին։ Սա Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի խախտում է, գրում է «Առավոտը»։
Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ ԵՊՀ-ից, քանի որ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ նման դեպքերի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը։ Նրա ձևակերպմամբ՝ նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո և ենթակա են լինելու պատշաճ արձագանքի ու իրավական հետևանքների։
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետով. «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը։ Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»։
Իսկ 28-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն. «Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը կուսակցության անդամ է կամ զբաղեցնում է հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ»։ Պատգամավորի խոսքով՝ նույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հանրային բուհի ռեկտորն իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։
Ի դեպ, արդյոք համատեղելի՞ են բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ու Սուրեն Պապիկյանի այս քարոզչությունը»։
Լիլիթ Գալստյանը նաև փաստեց, որ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետով՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը, սակայն Սուրեն Պապիկյանը ՔՊ վարչության անդամ է, ինչը ևս օրենքի խախտում է. «Ըստ էության՝ բուհի կառավարման խորհրդի նախագահը քաղաքական քարոզարշավի մեջ է, ինչն արգելված է օրենքով։ Եվ սա այն քաղաքական ուժն է, որն իշխանության էր եկել կրթական համակարգը չքաղաքականացնելու խոստումով, բայց մենք գիտենք, որ բուհերի կառավարման խորհուրդներն օկուպացված են իրենց սիրելիներով, և իշխող չափանիշը հավատարմությունն է։ Ես գիտեմ նաև, որ շատ դեկանների ուղղակի հետապնդում են կուսակցական պատկանելության համար, եթե նույնիսկ հրապարակային քարոզչական գործունեություն չեն իրականացնում։ Մենք գործ ունենք կրկնակի ստանդարտների, վարչական ռեսուրսների օգտագործման, նախընտրական խոստումների և կեղծ իրականության բախման հետ»։
Հավելենք, որ «Ռեստարտ քաղաքացիական-երիտասարդական» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անչափ ցավալի ու խնդրահարույց է, երբ մայր բուհի ռեկտորը որոշել է հրապարակային միանալ իշխող կուսակցության քարոզարշավին»։
ԵՊՀ նախկին դասախոս Արմեն Ավետիսյանը նույնպես անդրադարձել է ԵՊՀ ռեկտորի վարքագծին՝ նրան որակելով ԵՊՀ ռեկտորի աթոռապահ։ Արմեն Ավետիսյանը հարց էր հնչեցրել. «Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ»։
Source: https://news.am/hy/news/1037575
Armenia
ԵՊՀ ռեկտորն օրենք է խախտել, սակայն բուհում լռում են. «Առավոտ»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։