Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը կարծում է, որ ԵՄ-ն պետք է փոխի նոր երկրների անդամակցության համակարգը, որպեսզի Ուկրաինան կարողանա ավելի արագ մուտք գործել համայնք։

«Եթե երբևէ եղել է հարմար ժամանակ [ԵՄ] ընդլայնումն արագացնելու համար, ապա դա հենց հիմա է։ Ես այստեղ չեմ ստատուս քվոն պահպանելու համար»,- ասել է նա բրիտանական «Financial Times» (FT) պարբերականին տված հարցազրույցում։ Եվրահանձնակատարը հավելել է, որ «ընդլայնման գործընթացը մինչև վերջ հասցնելը գլխավոր առաջնահերթությունն է»։

Միևնույն ժամանակ, Կոսն ընդգծել է, որ անհրաժեշտ է ընտրել նոր անդամների ընդունման «այլ մոդել», սակայն չի կարողացել հստակեցնել, թե ինչպիսի տեսք կունենա նոր համակարգը՝ նշելով, որ «չգիտի, թե որ ուղղությամբ կզարգանա դա»։ Եվրահանձնակատարը հայտնել է, որ զրուցել է մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, և նրանք ցանկանում են «արժանիքների վրա հիմնված սկզբունքները համադրել աստիճանական ինտեգրման ավելի մեծ հնարավորությունների հետ»։

Source: https://news.am/hy/news/1039083