Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում շրջանառվում են ուշագրավ վերադասավորումների և կոալիցիոն կանխատեսելի սցենարների մասին հայտարարություններ: Մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք միակ կուսակցությունն են, որը պատրաստ է Երևանի օրինակով կոալիցիա կազմել իշխանության հետ՝ թույլ չտալու ռուսական ազդեցության ուժերին իշխանությունը վերցնել և Հայաստանը հետ տանել դեպի ռուս-բելառուսական միություններ:
NEWS.am-ն ուսումնասիրել է 2026թ. ԱԺ ընտրություններին մասնակցող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա հետ կոալիցիա կազմել ցանկացող «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրերը՝ պարզելու, թե ինչպիսի գաղափարական ընդհանրություններ և հակասություններ ունեն երկու ուժերը:
Այսպես, իր նախընտրական ծրագրի անվտանգության դրույթում «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից մինչև 2026-ի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև դուրս գալ ՀԱՊԿ-ից մեկ տարվա ընթացքում՝ հնարավորություն տալով այլ պետությունների հետ դաշինքներ ձևավորել։
«ՌԴ-ի հետ կնքել առկա իրավիճակին համապատասխան, համագործակցության նոր և ընդգրկուն համաձայնագիր՝ չեղարկելով անկախացումից հետո կնքված համաձայնագրերը: Դուրս գալ ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից՝ տնտեսության անցնցում անցում ապահովելով մինչև 2031-ը», - ասված է «Հանրապետության» ծրագրում:
Նույն թեմային առնչվող դրույթ ունի նաև «Քաղաքացիական պայմանագիրը»: Իշխող ուժն արձանագրում է, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։
Կուսակցությունը միևնույն ժամանակ նշում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում:
«Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ», - ասված է ՔՊ-ի ծրագրում:
Ուշագրավ է, որ իշխող ուժի ծրագրում ԵՄ-ն կամ ԵՄ-Հայաստան հարաբերությունները հիշատակվում են 14 անգամ, մինչդեռ Հայաստան-ՌԴ փոխհարաբերություններին անդրադարձ է արվում ընդամենը 4 անգամ:
ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում առանձին դրույթով ամրագրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նպատակը: Մինչդեռ «Հանրապետությունը» Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է դիտարկում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում նրանց հետ կնքել ռազմական համագործակցության և փոխօգնության համաձայնագրեր։
Սակայն կոալիցիոն հնարավոր գործընկերներն ունեն սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ հոգևոր դաշտում:
Եթե «Քաղաքացիական պայմանագիրն» իր ծրագրում հստակ նպատակ է դրել՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում», ապա «Հանրապետությունն» ամրագրել է. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին եղել է և պետք է լինի մեր ավանդույթների, հոգևոր և ազգային արժեքների պահապանը: Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայության անբաժան մասն է, որ պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին»:
Այս ձևակերպումից կարելի է ենթադրել, որ «Հանրապետությունը» հակված է պահպանելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայիս կարգավիճակը: Սակայն չի բացառվում, որ խորհրդարան անցնելու և ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում Արամ Սարգսյանի գլխավորած ուժը նույնպես միանա Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու՝ իշխանության որդեգրած քաղաքականությանը:
Source: https://news.am/hy/news/1037421
Armenia
Եկեղեցու հարցում ՔՊ-ն ու «Հանրապետությունը» տարաձայնություննե՞ր ունեն․ ի՞նչ է ամրագրված նախընտրական ծրագրերում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։