Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 27-28-ին Կիպրոսում կայանալիք հանդիպմանը չեն ընդունի պատժամիջոցներ Իսրայելի և Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անվար ալ-Անունին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԵՄ որոշ երկրների կոչերի մասին։
«Կիպրոսում հանդիպումը, այսպես կոչված Գիմնիխը, պաշտոնական բնույթ չունի։ Դրա ընթացքում կարող են քննարկվել ցանկացած հարցեր, սակայն գործնական որոշումներ չեն ընդունվում, և դա վերաբերում է նաև պատժամիջոցներին։ Պատժամիջոցների հաստատման համար անհրաժեշտ է նաև ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը»,- ասել է նա։
Ավելի վաղ եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Շվեդիան, Իտալիան և Չեխիան, պնդում են Բեն-Գվիրի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ավելի վաղ Բեն-Գվիրը X-ում հրապարակել էր Իսրայելում ակտիվիստների ձերբակալության տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելցի իրավապահները նրանց ենթարկում նվաստացուցիչ վերաբերմունքի։
Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայի հատվածի ափ ուղղվող «Սումուդ» հերթական նավատորմի բոլոր նավերը կանգնեցվել են, և ընդհանուր առմամբ ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։ Ինչպես նշել են ԱԳՆ-ում, նրանք բոլորը պետք է հասնեին Իսրայելի տարածք և «հանդիպեին իրենց հյուպատոսական ներկայացուցիչների հետ»։
«Սումուդ» գլոբալ նավատորմի» այս ակցիան սկսվել է ապրիլին։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց նպատակը Գազայի նկատմամբ Իսրայելի ծովային շրջափակումը ճեղքելն ու մշտական ծովային հումանիտար միջանցք ստեղծելն է։ Մայիսի 18-ին իսրայելական Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի ափերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ միջազգային ջրերում, Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է կանգնեցնել նավատորմի նավերը։
Source: https://news.am/hy/news/1037537
ԵՀ․ ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ի հանդիպմանը
ԵՀ․ ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ի հանդիպմանը Իսրայելի դեմ պատժամիջոցներ չեն ընդունի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։