Կապիտալի արտահանման կանոնները խախտելու դեպքում՝ չինացի ներդրողներն ու ձեռնարկությունները կբախվեն եկամուտների բռնագրավման, տուգանքների և անդրսահմանային գործունեություն ծավալելու արգելքի։ Համապատասխան պատժամիջոցները սահմանված են ՉԺՀ Պետական խորհրդի հրապարակած որոշման մեջ։

«Կաշառքի կամ խաբեության միջոցով արտերկրում ներդրումներ կատարելու թույլտվություն ստանալու դեպքում նախատեսվում է փաստաթղթերի չեղարկում, ապօրինի եկամուտների առգրավում և տեղական ընկերությունների տուգանում՝ ներդրումների ընդհանուր գումարի 0,1%-ից մինչև 0,5%-ի չափով»,- նշվում է փաստաթղթի տեքստում։

Չինական ֆիրմաների արդեն իսկ իրականացված նախագծերի դեպքում տուգանքի չափը կկազմի 0,5%-ից մինչև 1%՝ սահմանված ժամկետում գործունեությունը դադարեցնելու և ակտիվները լուծարելու պարտադիր պահանջով։ Ընկերությունների պաշտոնատար անձինք և պատասխանատու ղեկավարները լրացուցիչ կտուգանվեն 20 հազարից մինչև 50 հազար յուանի չափով։

Ազգային անվտանգության ստուգումների ժամանակ վերահսկող մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքում օրինախախտներին սպառնում է պետության համար առաջացած հետևանքների հարկադիր վերացում, ինչպես նաև ՉԺՀ սահմաններից դուրս ներդրումային գործունեություն ծավալելու արգելք (մինչև երեք տարի ժամկետով)։ Հաստատված նորմատիվ ակտն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։

Source: https://news.am/hy/news/1039915