Թագավորական ռազմածովային նավատորմի նավերը և հարյուրավոր բրիտանացի ծովայիններ պատրաստվում են մեկնել Հորմուզի նեղուցի շրջան՝ օգնելու դրա ականազերծմանը, հաղորդում է Associated Press-ը։

Բրիտանական ռազմածովային նավատորմի հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերումից հետո Ջիբրալթարում գտնվող RFA Lyme Bay օժանդակ նավը կմեկնի Մերձավոր Արևելք։

Ներկայումս նավի վրա բարձում են զինամթերք և հիդրոլոկատորներով անօդաչու ստորջրյա սարքեր՝ ականներ որոնելու և ոչնչացնելու համար։ Ակնկալվում է, որ նավը կմիանա բրիտանական HMS Dragon ականակրին և դաշնակիցների նավերին՝ Պարսից ծոց ուղևորվելիս Սուեզի ջրանցքով անցնելուց առաջ։

Ինչպես գործակալությանը հայտնել է Թագավորական նավատորմի ականազերծման խմբի ղեկավար կոմոդոր Ջեմմա Բրիտոնը, Իրանը կարող էր Հորմուզի նեղուցի ամբողջ երկայնքով տեղադրել հսկայական քանակությամբ տարբեր տեսակի ականներ։

Նրա խոսքով՝ ականները կարող են լինել խարիսխային, ռեակտիվորեն վեր բարձրացող, հատակային և գործարկվել նավի հետ շփման, ակուստիկ ազդեցության կամ մագնիսական դաշտի փոփոխության հետևանքով։

RFA Lyme Bay նավի վրա գտնվող ինքնավար համակարգերը հիդրոլոկատոր են օգտագործում ծովի հատակը և շրջակա ջրերը սկանավորելու համար՝ կազմելով հնարավոր սպառնալիքների քարտեզը մոտավորապես երկու անգամ ավելի արագ, քան դա անհրաժեշտ է ավանդական ականորսիչներին։

Source: https://news.am/hy/news/1038012