Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) նոր անդամների մուտքը չպետք է լինի հեշտ, կազմակերպությունում ցանկացած կարգավիճակ պետք է արդյունք տա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում նա մեկնաբանել է մայիսի 28-29-ին Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։
«Մասնավորապես, նախագահը [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն], քննարկելով միջազգային ակտիվության, դիտորդի կարգավիճակ ներգրավելու և մեր Եվրասիական միությանը միանալու հնարավորության հարցերը, ասել է, որ այս թեմային պետք է, ընդհանրապես, շատ ուշադիր նայել ։ Պետք է այնպես լինի, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը դժվար լինի, - նշել է Պետկևիչը։ - Եվ եթե մենք տրամադրում ենք դիտորդի որևէ կարգավիճակ կամ կնքում ենք համաձայնագրեր, պետք է հստակ հաշվարկենք հետևանքները թե՛ միության, թե՛ մեր գործընկերների համար։ Այսինքն՝ ցանկացած միացում, ցանկացած կարգավիճակ պետք է արդյունք տա, արդյունավետ լինի, այլ ոչ թե պարզապես կարգավիճակ՝ կարգավիճակի համար»։
Կառավարության ղեկավարի տեղակալը կարծում է, որ ԵԱՏՄ-ի գործող պայմանագրում բազմաթիվ մեխանիզմներ ներառված չեն։
«Եվ Հայաստանի հետ կապված իրավիճակը, և Մոլդովայի հետ կապված իրավիճակը ցույց են տալիս, որ մեզ այսօր նոր լծակներ են պետք, որպեսզի միությունը լիարժեք գործի։ Պետության ղեկավարը սրել է այս հարցերը, և նրա գործընկերներն էլ աջակցել են դրան, - պարզաբանել է նա։ - Անկեղծ ասեմ ձեզ, որ արդեն կուլուարներում մենք միմյանց հետ շփվում էինք, որովհետև բոլորը հասկանում են, որ այո՛, խնդիրները բարձրացվել են բացարձակ ժամանակին և ճիշտ, և մենք պետք է աշխատենք դրանց վրա»։
Պետկևիչը նաև հայտնել է, որ գագաթնաժողովում ամփոփվել են Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունքները, որն արդեն 20 տարեկան է։ «Եվ այստեղ նույնպես ի հայտ եկան խնդիրներ, որոշակի անհամամասնություններ։ Բանկը, հասկանալի է, առևտրային կազմակերպություն է, սակայն, այնուամենայնիվ, ստեղծվել է ինտեգրացիոն կառուցվածքի շրջանակում և չի կարող զուտ առևտրային բանկ լինել։ Ալեքսանդր Գրիգորիևիչը [Լուկաշենկոն] նույնպես այդ մասին շատ է խոսել», - հայտարարել է Բելառուսի փոխվարչապետը։
Նրա կարծիքով, գործնական իրականացման տեսանկյունից ամենագլխավոր թեման դարձել է արդյունաբերական կոոպերացիայի և ագրոարդյունաբերական համալիրում համագործակցության հետ կապված բոլոր հարցերի իրավական կարգավորման ավարտը։ «Որովհետև գաղափարը կար, բայց մեխանիզմները դրված չէին։ Այսօր (մայիսի 29-ին - ТАСС-ի նշումը) պետությունների ղեկավարները ստորագրեցին մնացած փաստաթղթերը, որոնք դրա համար պահանջվում էին։ Որպեսզի այս գործիքը՝ նոր ֆինանսական ծավալով, նոր կանոններով, որոշ իմաստով ապաբյուրոկրատացված, և ավելի լայն ձևաչափով, մասնավորապես նաև ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածված, արդեն կարողանա կիրառվել», - հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1039842
Armenia
Բելառուսի փոխվարչապետ․ Հայաստանի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս ԵԱՏՄ-ի համար նոր լծակների անհրաժեշտությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։