ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է մի քանի ուղղումներ մտցնել այն համաձայնագրում, որին նրա բանագնացները հասել էին իրենց իրանցի գործընկերների հետ ուրբաթ օրը իրավիճակային կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին։
Թրամփը ցանկանում է կնքել գործարքը և հույս ունի այն ավարտին հասցնել մոտ ժամանակում, սակայն ձգտում է ամրապնդել իր համար կարևոր մի քանի կետեր, հատկապես Իրանի միջուկային նյութերին վերաբերող հարցերում, հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Թրամփի խնդրանքը կողմերի միջև բանակցությունների հերթական փուլ է սկսել, որը կարող է տևել մի քանի օր։
ԱՄՆ նախագահը ուրբաթ հայտարարել էր, որ այս գործարքի շուրջ խորհրդակցություն կանցկացնի իրավիճակային կենտրոնում և, կարծես, ակնարկել էր, որ հակված է համաձայնել։
Սպիտակ տան ներկայացուցիչը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Թրամփը «կկնքի միայն այնպիսի գործարք, որը կծառայի Ամերիկայի շահերին, կբավարարի նրա պահանջները և կապահովի, որ Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ունենալ»։
Երկու աղբյուրների համաձայն, Թրամփը խնդրել է իր թիմին փոփոխություններ մտցնել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող դրույթների նախագծում։
Իր ներկայիս տեսքով փոխըմբռնման հուշագիրը ներառում է Իրանի պարտավորությունը՝ չձգտել միջուկային զենք ստեղծել, բայց դրանից բացի որևէ կոնկրետ զիջում չի նախատեսում։
Դրանում նշվում է, որ Իրանի միջուկային պարտավորությունների և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մեղմացման շուրջ բանակցությունների համար կտրամադրվի 60-օրյա «պատուհան», ընդ որում օրակարգի առաջնահերթ հարցերը կլինեն Իրանի հարստացված ուրանի պաշարների օգտահանման և հետագա հարստացման սահմանափակման հարցերը։ Թրամփը ցանկանում է փորձել փոփոխություններ մտցնել այս հատվածում։
«Խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես է ԱՄՆ-ն ստանում նյութերը և ինչ ժամկետներում»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ նկատի ունենալով հարստացված ուրանը։
Երկրորդ աղբյուրը հայտնել է, որ Թրամփը նաև ցանկանում է փոփոխել Հորմուզի նեղուցի բացմանը վերաբերող որոշ ձևակերպումներ։
Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ, Թրամփին ասել են, որ մոտ երեք օր կանցնի, մինչև իրանցիները վերադառնան պատասխանով։
«Նրանք բառացիորեն քարանձավներում են և էլեկտրոնային փոստից չեն օգտվում,- ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։- Գործարքը կլինի։ Դա անխուսափելի է, կտեսնենք։ Մենք պատրաստ ենք սպասել, որպեսզի նախագահը ստանա այն, ինչ խնդրում է։ Դա կարող է մեկ շաբաթ տևել։ Գուցե ավելի քիչ։ Գուցե ավելի շատ։ Շաբաթվա վերջում հույս ունենք ինչ-որ բան ստանալ»։
Source: https://news.am/hy/news/1039702
World
Axios. Թրամփը փոփոխություններ է մտցրել Իրանի հետ համաձայնագրում, որի շուրջ բանակցում էին նրա բանագնացները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։