Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. « Էսքան ատելություն, թշնամանք, զրպարտություն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ Չորս կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։
Հարամ արեց բոլոր ծրագրային քննարկումները, բանավեճերը։ Առնվազն 4-5 ուժ ունեին լավ գաղափարներ, լավ ծրագրային առաջարկներ։ Դրանք խեղդվեցին ատելության հորձանուտում։ Որ ի՞նչ, էս ի՞նչ որակ է։ Իշխանական թիմը նույնիսկ իր սեփական ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելության քարոզի մեջ։
Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունը, ներքին հաշտության պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա, մյուս ճանապարհն ազգովի մղկտալն է լինելու՝ նոր փորձանքների ու աղետների առերեսումից։
Ենթադրենք՝ իշխանությունը մնում է։ Այսինքն՝ նա կառավարման մանդատ է ստանում «սատկացնելու եմ, բռնելու եմ, կզզցնելու եմ, խլելու եմ» օրակարգով։ Մենք ստանալու ենք որևէ զարգացման անպիտան հանրային վիճակ՝ թշնամացած, պառակտված։ Հասարակության առնվազն յոթանասուն տոկոսն իրեն օտար է զգալու։
Ենթադրենք՝ իշխանությունը փոխվում է։ Մենք ստանալու ենք «մեզ ուզում էին սատկացնել, բռնել, կզզցնել, խլել» մթնոլորտ և հոգեբանական այդ վիճակով հանրություն։
Հետևաբար ու՞ր ենք գնում։ Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակված հարցերի լուծման խելամիտ առաջարկները։
Էժանագին սլիվներով վտանգավոր տրամադրություններ են ստեղծում, երկրի առաջին դեմքերը խոդորկովսկիների և նավալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կյանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։
«Ու՞մ ես քվեարկելու» հողի վրա արդեն իրար են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում։ Որ ի՞նչ։
Այս տրամաբանությամբ ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասնելու։ Արդեն չգիտես՝ ում հետ քննարկես նման հարցեր. երկրի չորս կողմը լարվածություն է, իսկ ներսում՝ աննորմալ դեգրադացիա։
Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին սրա դեմն առնել, լուռ են և մասնակից ապօրինություններին։ Գիտակցո՞ւմ են արդյոք, որ դա սովորական «իշխանական հրահանգներ» չեն, այլ՝ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ և երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր ։ Այստեղ մեր հարցերն ուղղված են մեր երկիրը հավանաբար սիրող և երկրի հետ դեռևս իրենց ապագան կապող մարդկանց։ Գիտակցում ե՞ք ինչ է կատարվում։
Source: https://news.am/hy/news/1038693
Armenia
Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։