Առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին, առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա, թե հիվանդին, թե բուժաշխատողին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկ Հայաստանի նախընտրական ծրագրում այս և այլ կարևոր դրույթներ կան առողջապահության համակարգի բարելավման ու կայունացման համար։ Ոլորտին վերաբերող հարցերը Գագիկ Ծառուկյանը քննարկել է Հանրապետության անվանի բժիշկների հետ։ Առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին

Ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր դրույթներ ընդգրկված են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն նախընտրական ծրագրի առողջապահական բաժնում։

Հանդիպման սկզբում բժիշկներից մեկը նշել է, որ հենց իր նախաձեռնությամբ է կազմակերպվել քննարկումը՝ հնարավորություն տալու բժշկական հանրությանը ծանոթանալու ծրագրի առողջապահական դրույթներին և ներկայացնելու մասնագիտական առաջարկներ։

ԲՀԿ ծրագրով առաջարկվում է ներդնել առավել արդյունավետ և ճիշտ հաշվարկված առողջապահական ապահովագրության համակարգ, որի պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ երաշխավորված և բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։

«Առողջության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին», — նշել է Գագիկ Ծառուկյանը։

Քննարկման ընթացքում նա անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում առկա խնդիրներին՝ հատկապես պետպատվերի բաշխման համակարգին։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ քաղաքացիները բախվում են նույն դժվարություններին՝ հերթեր, սահմանափակումներ և բուժօգնության անհասանելիություն։

«Մարդիկ հաճախ լսում են՝ պետպատվերը սպառվել է։ Մի հիվանդանոցին շատ են տալիս, մյուսին՝ քիչ։ Քաղաքացին ամիսներով սպասում է հերթի, հետո պարզվում է՝ արդեն տեղ չկա կամ տվյալ հիվանդությունը պետպատվերի շրջանակում չէ», — նշել է ԲՀԿ ղեկավարը։

Նրա համոզմամբ՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ է ձևավորել արդար և մարդակենտրոն մոտեցում, քանի որ բազմաթիվ ընտանիքներ այսօր բուժման համար ստիպված են վարկեր վերցնել կամ վաճառել տարիներով կուտակած ունեցվածքը։

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է նաև, որ առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Ըստ նրա՝ բժիշկն ու բուժքույրը պետք է ստանան իրենց պատասխանատվությանը և ծանրաբեռնվածությանը համարժեք վարձատրություն։

«Բուժաշխատողը պետք է պաշտպանված լինի թե՛ իրավական, թե՛ սոցիալական առումով։ Բժիշկը կյանքեր է փրկում, բայց չի կարող իր վերջին աշխատավարձով ընտանիք պահել», — նշել է նա։

ԲՀԿ ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվում բուժաշխատողների սոցիալական և մասնագիտական պաշտպանվածությանը։ Կուսակցության համոզմամբ՝ առողջապահության ոլորտում պետական միջոցները պետք է բաշխվեն առավել արդյունավետ և թափանցիկ ձևով՝ միաժամանակ ապահովելով նոր սարքավորումների ձեռքբերում և բուժծառայությունների հասանելիություն։

Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարևորել է նաև ոլորտի կառավարման պրոֆեսիոնալիզմը՝ նշելով, որ առողջապահական հիմնարկները պետք է ղեկավարեն ոլորտին խորությամբ տիրապետող մասնագետներ։

«Բժշկությունը չհասկացող մարդը ո՞նց կարող է ղեկավարել բժշկական հիմնարկը», — ասել է նա։

ԲՀԿ ղեկավարը շեշտել է նաև քաղաքացիների մասնակցության կարևորությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կոչ անելով անպայման մասնակցել քվեարկությանը։

Հանդիպմանը մասնակցած բժիշկները նշել են, որ կուսակցության առողջապահական ծրագիրը առանձնանում է սոցիալական ուղղվածությամբ և իրատեսական մոտեցումներով։ Նրանց խոսքով՝ հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ ծրագրում առաջնային են համարվում բուժաշխատողների իրավական, սոցիալական և ֆինանսական պաշտպանվածության հարցերը։

Բժիշկներից մեկը նշել է, որ մինչ այժմ այլ քաղաքական ուժերի ծրագրերում նման ընդգծված մոտեցում չէր հանդիպել։

Քննարկման ավարտին արձանագրվել է, որ առողջապահությունը շարունակում է մնալ երկրի զարգացման ռազմավարական առաջնահերթություններից մեկը, քանի որ առողջ հասարակությունը կայուն և զարգացող պետության կարևորագույն հիմքերից է։

Source: https://news.am/hy/news/1035912