Վաշինգտոնի գործողությունները խարխլում են միջազգային խաղաղությունը և անվտանգությունը, իսկ էներգետիկ շրջափակման սահմանումը փաստացի հավասարազոր է «պատերազմական գործողության»։ Դրա մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանությունը և միջազգային համակարգի ամրապնդումը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ» թեմայով բարձր մակարդակի բաց բանավեճերի ժամանակ հայտարարել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։

«Ինչպե՞ս կարելի է խոսել ՄԱԿ-ի կենտրոնական դերը խաղաղության և զարգացման աջակցման գործում պաշտպանելու, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի հիման վրա միջազգային կարգը պահպանելու մասին՝ նոր հակամարտություններից խուսափելու համար, որտեղ ուժեղը պարտադրում է իր կամքը թույլին, առանց՝ իհարկե, հիշատակելու Պաղեստինի դեմ ցեղասպանությունը, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իմպերիալիստական ագրեսիան և Մերձավոր Արևելքի պատերազմը»։

«Միացյալ Նահանգների կառավարությունն իր գործողություններով խարխլում է միջազգային խաղաղությունը և անվտանգությունը, ինչպես նաև խախտում է միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը Կուբայի Հանրապետության նկատմամբ»,- հավելել է նա։

Քննադատելով Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցումը որպես «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»՝ նախարարը հայտարարել է. «Այս կուրսը խաբեբայական է, այն ուղղված է ինչպես ամերիկացի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին մոլորեցնելուն՝ հայտնի իրադարձություններից 30 տարի անց, Կուբայի դեմ ռազմական արկածախնդրությանն աջակցելու և ռեժիմի փոփոխության հասնելու նենգ նպատակով»։

Ռոդրիգես Պարիլյան ընդգծել է, որ Կուբայի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումները հավասարազոր են լիարժեք շրջափակման։

«Այսօր նավթային և էներգետիկ շրջափակումը, որը Միացյալ Նահանգները կիրառում է Կուբայի դեմ, իր հետևանքներով հավասարազոր է ռազմածովային շրջափակման։ Սա պատերազմի և ցեղասպանության ակտ է, որը կուբացի բնակչությանը դնում է իր ամբողջականությանը և բուն գոյությանը սպառնացող պայմանների մեջ»,- նշել է դիվանագետը։

Նախազգուշացնելով հնարավոր ռազմական էսկալացիայի աղետալի հետևանքների մասին՝ նա հայտարարել է. «Ռազմական ագրեսիան կհրահրի արյունահեղություն։ Հազարավոր կուբացիներ կզոհվեն՝ պաշտպանելով իրենց երկիրը և սրբազան արժեքները, բայց նաև երիտասարդ ամերիկացիներ կզոհվեն՝ առանց որևէ հստակ պատճառի կամ գաղափարի, որը արժեր պաշտպանել»։

Եզրափակելով՝ նա միջազգային և տարածաշրջանային դերակատարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հումանիտար աղետը կանխելու և Լատինական Ամերիկան ու Կարիբյան ավազանը որպես «խաղաղության գոտի» պահպանելու համար։

Source: https://news.am/hy/news/1038654