Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈՒ) պատերազմի սկզբից ի վեր առնվազն 158 անգամ հարվածել են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)։ Հարվածների տակ են հայտնվել տարեկան 1 մլն տոննայից ավելի հզորությամբ 33 ձեռնարկություններից 24-ը, հաշվարկել է «Вот Так» հրատարակությունը։ Եթե պատերազմի առաջին տարում ՆՎԳ-ների վրա հարձակումներ չեն եղել, ապա 2023-ին դրանք եղել են 4, 2024-ին՝ 34, իսկ 2025-ին՝ արդեն 88։ Ընթացիկ տարվա ոչ լրիվ հինգ ամիսների ընթացքում ուկրաինական դրոնները 33 անգամ հարվածել են նավթավերամշակման գործարաններին։ Սա ավելի շատ է, քան 2025-ի նույն ժամանակահատվածում (24 հարձակում)։
Ամենից հաճախ ՈւԶՈՒ-ն հարվածներ է հասցնում Ռյազանի և Սարատովի ՆՎԳ-ներին․ պատերազմի սկզբից յուրաքանչյուրն ենթարկվել է 15 հարձակման։ Երկու ձեռնարկություններն էլ Ռուսաստանի եվրոպական մասի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից են։ Այսպես, Ռյազանի ՆՎԳ-ն տարեկան վերամշակում է մոտ 17 մլն տոննա նավթ․ սա հզորությամբ երրորդ ցուցանիշն է երկրում՝ Օմսկի և Կիրիշիի ՆՎԳ-ներից հետո։ Սարատովի ՆՎԳ-ն, իր հերթին, տարեկան արտադրում է մոտ 7 մլն տոննա նավթ։ Պարբերաբար հարվածների տակ են հայտնվում նաև Աֆիպսկի, Իլսկի և Տուապսեի ՆՎԳ-ները, որոնք գտնվում են Կրասնոդարի երկրամասում։ Դրանցից յուրաքանչյուրի վրա գրանցվել է 12-ական հարված։ Այս գործարանների ծավալները համադրելի են Սարատովի գործարանի հետ՝ տարեկան մոտ 7–9 մլն տոննա նավթ։
Միևնույն ժամանակ Ռուսաստանում գրեթե չեն մնացել խոշոր նավթավերամշակման գործարաններ (տարեկան 10 մլն տոննա և ավելի վերամշակման հզորությամբ), որոնք նախկինում չեն ենթարկվել Ուկրաինայի հարձակումներին։ Այդպիսի միակ երկու ձեռնարկությունները գտնվում են Ուրալից այն կողմ՝ Օմսկի և Անգարսկի ՆՎԳ-ները։ Օմսկի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալով ամենամեծն է և տարեկան արտադրում է մոտ 21 մլն տոննա նավթամթերք։ Անգարսկի ՆՎԳ-ի հզորությունը կազմում է տարեկան մոտ 10,2 մլն տոննա նավթ։
Նավթավերամշակման գործարանների վրա հարվածները Ուկրաինայի ռազմավարության մի մասն են, որն ուղղված է Ռուսաստանի նավթագազային եկամուտների կրճատմանը և երկրի ներսում վառելիքի պակասի ստեղծմանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս նման հարձակումները կոչել է Կիևի «հեռահար պատժամիջոցներ», որոնց նպատակը Կրեմլին բանակցությունների սեղանի շուրջ նստելուն ստիպելն է։
Reuters-ի տվյալներով՝ շարունակվող հարվածների պատճառով Ռուսաստանի կենտրոնական մասի գրեթե բոլոր խոշոր ՆՎԳ-ները, որոնց բաժին է ընկնում երկրի նավթի վերամշակման ավելի քան 30%-ը, դադարեցրել են աշխատանքը։ Ընդհանուր առմամբ հունվարից մայիս 16 ռուսական գործարաններում նավթի վերամշակումը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է օրական 700 հազար բարելով։ Զելենսկին, հղում անելով հետախուզության տվյալներին, հայտարարել էր, որ վերջին ամիսներին Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալը կրճատվել է 10%-ով։ Ինչպես գրել է Bloomberg-ը, ցուցանիշն ընկել է մինչև 2009 թվականից ի վեր նվազագույն մակարդակ՝ օրական 4,69 մլն բարել։
Source: https://news.am/hy/news/1037470
Actualite․ Կոնգոյում էբոլայի ախտանիշներ ունեցող
Actualite․ Կոնգոյում էբոլայի ախտանիշներ ունեցող վեց մարդ փախել է այրվող կլինիկայից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։