Թուրքիայի ոստիկանությունը կիրակի օրը գրոհով վերցրել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կենտրոնակայանը Անկարայում՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կուսակցության աջակիցների և նրա ներկայացուցիչների դեմ, որոնք հավաքվել էին շենքի մոտ, հաղորդում է Associated Press-ը։

Գրոհը դարձել է ԺՀԿ-ի գործող ղեկավարության կողմնակիցների և դատարանի որոշմամբ նշանակված կուսակցության նոր վարչակազմի միջև բազմաժամյա դիմակայության գագաթնակետը։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, ոստիկանության հատուկ ստորաբաժանումները կենտրոնակայանի տարածք են մտել այն բանից հետո, երբ շենքի շուրջ լարվածությունը պահպանվում էր հինգշաբթի օրվանից։

Ներսում գտնվող լրագրողները հայտնել են արցունքաբեր գազի կիրառման, դռների և կահույքի վնասման մասին, որից հետո մամուլի ներկայացուցիչներին դուրս են բերել շենքից։ Կուսակցության ներսում ճգնաժամը սկսվել է վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որը չեղարկել էր Օզգյուր Օզելի ընտրությունը ԺՀԿ նախագահի պաշտոնում 2023 թվականի նոյեմբերին։ Դատարանը որոշել է ժամանակավորապես պաշտոնանկ անել Օզելին և կուսակցության գործադիր կոմիտեի անդամներին, ինչպես նաև ղեկավարի պաշտոնում վերադարձնել նրա նախորդին՝ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը կուսակցությունը գլխավորել էր 13 տարի։

Օզելի կողմնակիցները հրաժարվել են ճանաչել նոր ղեկավարությանը։ Հինգշաբթի օրվանից նախկին ղեկավարության ներկայացուցիչները փաստացի պահում էին կուսակցության կենտրոնակայանը՝ ներս չթողնելով դատարանի կողմից նշանակված վարչակազմին։ Իրավիճակը ձեռք է բերել առանձնահատուկ քաղաքական նշանակություն թուրքական ընդդիմության նկատմամբ ճնշումների ուժեղացման ֆոնին։

Հենց Օզելի ղեկավարության օրոք ԺՀԿ-ն լուրջ պարտություն հասցրեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը 2024 թվականի մունիցիպալ ընտրություններում։ Ընդդիմությունը պնդում է, որ դատական որոշումը քաղաքական բնույթ ունի և ուղղված է ապագա ընտրություններից առաջ կուսակցությունը թուլացնելուն։

Վերջին ամիսներին ԺՀԿ ներկայացուցիչները և ընտրված մունիցիպալ պաշտոնյաները բախվել են քրեական գործերի և հետաքննությունների մի ամբողջ շարքի։ Առանձնահատուկ ուշադրությունը սևեռված է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործի վրա, որին համարում են Էրդողանի գլխավոր հավանական մրցակիցը նախագահական ընտրություններում։ ԺՀԿ-ն ներկայացնող Իմամօղլուն անցած տարվա մարտից գտնվում է կալանքի տակ և անցնում է կոռուպցիայի գործով։

Թուրքական իշխանությունները մերժում են քաղաքական ճնշման վերաբերյալ մեղադրանքները և հայտարարում, որ երկրի դատական համակարգը գործում է անկախ։ Տեղական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ գրոհից առաջ ԺՀԿ կենտրոնակայանի մոտ հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնց Օզելի կողմնակիցները անվանում էին սադրիչներ։

Քըլըչդարօղլուի փաստաբանը դիմել է Անկարայի ոստիկանությանը՝ խնդրելով աջակցել շենքի ազատմանը, որից հետո Անկարայի նահանգապետարանի վարչակազմը պաշտոնապես թույլատրել է ոստիկանության միջամտությունը։

Source: https://news.am/hy/news/1037920