Թեհրանի հեղափոխական դատարանը դատավճիռ է կայացրել Արման Ալիվերդիի մահվան գործով՝ չորս հիմնական մեղադրյալների դատապարտելով մահապատժի «ֆասադ է ֆիլ արզ» (երկրի վրա ապականության տարածում՝ հանրային անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործություն) մեղադրանքով, հայտնում է Fars-ը:
Ինչպես բխում է գործի նյութերից, ընդհանուր առմամբ գործով անցնում էր 9 մեղադրյալ: Նրանց մեղադրում էին տարբեր հանցանքների համար, այդ թվում՝ մահվան հանգեցրած ծեծին մասնակցություն, մասնակցություն անկարգություններին, «Մոլոտովի կոկտեյլների» տարածում, ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստում, ինչպես նաև հակապետական քարոզչություն և երկրի անվտանգության դեմ ուղղված գործողություններ:
Ըստ դատարանի որոշման, մեղադրյալների մի մասը, ըստ քննության վարկածի, կիրառել է դանակներ, հասցրել հարվածներ ոտքերով, օգտագործել էլեկտրաշոկերներ և սուր առարկաներ, ինչը որակվել է որպես մահվան հանգեցրած հարձակմանն անմիջական մասնակցություն:
Դատարանը նաև նշել է, որ մեղադրյալների գործողությունները կազմակերպված բնույթ են կրել և ուղղված են եղել հանրային կարգի ու անվտանգության խաթարմանը:
Մյուս հինգ մեղադրյալներին (հինգերորդից իններորդը) դատարանը մեղավոր է ճանաչել հակապետական գործողություններին մասնակցելու համար, ներառյալ՝ «ներքին անվտանգության դեմ դավադրությունն ու միավորումը» և համակարգի դեմ քարոզչությունը: Նրանց համար սահմանվել է 1-ից 5 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև լրացուցիչ պատիժներ:
Կողմերը կարող են բողոքարկել դատավճիռը Գերագույն դատարանում:
Source: https://news.am/hy/news/1037988
World
Թեհրանի դատարանը Արման Ալիվերդիի մահվան գործով 4 անձի դատապարտել է մահապատժի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։