Ռուսաստանի ԶՈւ-ն մայիսի 24-ի գիշերը հզոր հարված է հասցրել Կիևի գրեթե բոլոր շրջաններին․ բազմաթիվ շենքեր վնասվել են, հայտնում է РБК-Украина-ն։

Ուկրաինայի մայրաքաղաքի ամենամարդաշատ շրջաններից մեկում՝ Լուկյանովկայում, բազմաթիվ հրդեհներ են բռնկվել։

Հարվածի տակ են հայտնվել նաև Լուկյանովկայի շուկան, առևտրաժամանցային կենտրոնը, 5-հարկանի շենքը, «Լուկյանովսկայա» մետրոյի կայարանը և այլ օբյեկտներ։

Ալբանիայի ԱԳ նախարար Ֆերիտ Հոջան հայտնել է, որ վնասվել է նաև երկրի դեսպանի նստավայրը, ինչի կապակցությամբ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է արտաքին քաղաքական գերատեսչություն։

Իր հերթին, Լեհաստանի ԶՈւ օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ օդ է բարձրացրել մարտական ավիացիան՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հաղորդակցությունների վարչության պետ Յուրի Իգնատը հայտարարել է, որ Ռուսաստանի ԶՈւ-ն մայիսի 24-ի գիշերը Կիևի մարզին հարվածներ է հասցրել միջին հեռահարության РС-26 «Рубеж» («Օրեշնիկ») բալիստիկ հրթիռով։

Իր հերթին, Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ «հատուցման» հարվածներ են հասցվել նաև «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն» հրթիռներով՝ Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին, ավիաբազաներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Գերատեսչությունում հայտարարել են, որ նշանակված բոլոր օբյեկտները խոցվել են։

ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին որևէ հարված չի պլանավորվել և չի իրականացվել։

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կոշտ պատասխանը պայմանավորված էր Լուգանսկում քոլեջի վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածով։

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով, Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքում քոլեջի հանրակացարանի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 21 ուսանող։

ТАСС-ի տվյալներով, մոտ 50 օտարերկրյա լրագրող դիտարկում է ավերածությունները Ստարոբելսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածից հետո։

Source: https://news.am/hy/news/1037902