Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանը «կոշտ և աննախադեպ» պատասխան կտա Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջանում ցանկացած թշնամական գործողության, հայտնում է Tasnim-ը։

Ռեզային նշել է, որ ճնշման կամ ռազմական միջամտության փորձերի դեպքում Թեհրանը պատրաստ է «լուրջ պատասխան միջոցների» դիմել, ներառյալ հնարավոր ծովային շրջափակումը ճեղքելուն ուղղված գործողությունները։

Նա նաև զգուշացրել է, որ Իրանի հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալը, եթե երկրի հասցեին ճնշումն ու սպառնալիքները շարունակվեն։

Ռեզային հայտարարել է, որ հակամարտության հետագա շարունակությունը, նրա կարծիքով, լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ տնտեսությանը և ամերիկյան հասարակությանը։ Այս կապակցությամբ նա Իրանի հետ բանակցություններն անվանել է Վաշինգտոնի համար «ամենաքիչ ծախսատար տարբերակը»։

Բացի այդ, իրանցի քաղաքական գործիչն ընդգծել է, որ ներկայիս բանակցային գործընթացը հնարավոր է դարձել Իրանի «ռազմավարական համբերության» շնորհիվ, սակայն, ըստ նրա, դրա հետևում կանգնած են «խորը զայրույթը» և իրանցի ռազմական հրամանատարների սպանությունների համար պատասխանելու ձգտումը։

Source: https://news.am/hy/news/1037982